Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նույնիսկ դիսբալանսի պայմաններում Ադրբեջանը ագրեսիվ է արձագանքում ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ի՞նչ լծակներ կարող են ունենալ որոշ երկրներ Ադրբեջանի վրա՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համատեքստում՝ շեշտելով, որ խաղաղության առաջին շահառուները հենց Հայաստանն ու Ադրբեջանն են։ 

Վարչապետն այդ մասին խոսել է բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։ 
Լրագրողը բերել է «British Petroleum»-ի օրինակը, որն Ադրբեջանից 35 մլրդ դոլարի նավթ ու գազ է մատակարարել վերջին չորս տարիներին և հարցրել է՝ արդյոք Հայաստանի իշխանությունը կցանկանա՞ր, որ Միացյալ Թագավորությունն այդ լծակն օգտագործեր:

«Նախ ես չէի ցանկանա մեկնաբանել բիզնես գործունեությունը, ներդրումները, որոնք տեղի են ունենում հարևան երկրներում: Ես կարող եմ մի բան  ասել, արձանագրել, որ, ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ ցանկացած ներդրում պետք է ունենա շահագրգռություն, որպեսզի ներդրման միջավայրում և տարածաշրջանում լինի խաղաղություն և հաստատվի խաղաղություն:

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ խաղաղության հաստատումը միջազգային հանրության և  նաև ներդրողների հետաքրքրությունների տիրույթում են: Բայց, իհարկե, ես ուզում եմ արձանագրել, որ խաղաղության առաջին շահառուն հենց Հայաստանն ու Ադրբեջանն են: Եվ այս տեսական թեզը, որը, իհարկե, շատ տեսական է հնչում, քայլ-քայլ կարող է ստանալ առարկայական արտահայտություն: Հատկապես կարևոր է, որ վերջին 5 ամսում մենք երկու խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ: Եվ դա նրա արտահայտությունն է, որ ի վերջո հենց Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության շահառու»,- ասել է Փաշինյանը: