Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Հաագայի դատարանի կողմից հետապնդվող անձը կարող է երկիր կառավարել, պարզ չէ՞՝ նրա կողմից ներդրված գործակալներն ինչպիսին կլինեն

Եթե Հաագայի դատարանի կողմից հետապնդվող անձը կարող է երկիր կառավարել, պարզ չէ՞՝ նրա կողմից ներդրված  գործակալներն ինչպիսին կլինեն
Քաղաքականություն
22:00, 24 апрель 2024
Իշխանության ներկայացուցիչներին ու մասնավորապես ՀՀ վարչապետի ընտանիքի անդամներին թիրախավորելու դեպքերը պարբերական բնույթ են կրում։ Ամիսներ առաջ, հիշեցնենք,  44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի մոր՝ Գայանե Հակոբյանի կողմից առեւանգվել էր Աշոտ Փաշինյանը, այսօր էլ հանրությանը ցնցել է հերթական միջադեպը՝ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում,  երբ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու վերջինիս կրտսեր դուրստրը՝ 8-ամյա  Արփի Փաշինյանը, եկել էին հարգանքի տուրք մատուցելու եւ ծաղիկներ խոնարհելու,  արժանացան այդտեղ հավաքաված մի խումբ անձանց (ԱԺԲ-ականների)  անզուսպ պոռթկամը՝ «Նիկոլ, դավաճան, «Նիկոլ, ցեղասպան»․․․Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է գոչյուններից անակնկալի եկած  Արփի Փաշինյանը կուչ գալիս, հպվում  Աննա Հակոբյանին եւ հուզվում։ Այս երեւույթը, երբ հանրային վայրում, մի խումբ անձանց կողմից թիրախավորվում է երեխան իր ծնողի հետ, համացանցային որոշ «բարոյագետներ» հավանության արժանացրին, համարելով, որ վարչապետին կինն ու երեխան  «արժանին էին», «վաստակել» էին այսպիսի վերաբերմունք։ Եղան նաեւ անպիսիք, որոնք իբրեւ թե մտահոգված լինելով անչափահասի հոգեհուզական վիճակով՝ նրան կարեկցեցին, սակայն շահարկելով երեխայի անձը, առիթն օգտագործեցին վերջինիս ծնողների նկամամբ իրենց վերաբերմունք արտահայտելու համար։   

«Ապագա» հոգեբանական ծառայության ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու,  ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս Արմեն Բեջանյանը  Civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօրվա միջադեպին, նշեց՝   սա մանիպուլյացիա է՝ ազդելու մարդկանց, կոնկրետ այս դեպքում՝ վարչապետի ընտանիքի անդամների  հուզական վիճակի վրա։  Հարցին՝ ինչ պետք է անեն վարչապետի ընտանիքի՝ այսօրա միջադեպի թիրախում հայտնված անդամները, հոգեբանը խորհուրդ տվեց՝ «բնականաբար դիմել մասնագետի»։  Նրա խոսքով․ «Ակնհայտ է, որ մենք չորս կողմից շրջապատված ենք թշնամիներով, սկսած՝ մեր հյուիսային դաշնակցից, որը իր մետաստազները գցել է մեր երկիր՝ ի  դեմս այսպես կոչված  «5-րդ շարասյան» եւ կամ  «6-րդ պալատի»։ Ակնհայտ է նաեւ, որ էստեղ վխտում են նաեւ տարատեսակ գործակալներ։ Դա ոչ թե ժողովուրդն է անում, այլ՝ հենց այդ գործակալները, որոնք ամենուրեք են և այդ գործակալների մասին  անգամ իշխանությունն է իր բերանով ասում։ Սա շատ լավ ծրագրված, մշակված գործընթաց է, որը հենց ծրագրողներն էլ իրականացնում են, իրականացնում են՝ ներողություն, բայց իշխանության անհեռատես լինելու հետևանքով»։

Ըստ մասնագետի, առնվազն անտրամաբանական է, թե ինչու չեն չեզոքացվում այդ գործակալները, ուրիշ երկրների շահեր սպասարկողները, եթե նրանց բացահայտել կամ տեղորոշել են  պատկան  կառույցները։  «Հայաստանը, առիթ ունեցել եմ էլի հայտարարելու, հիբրիդային պատերազմի մեջ է, իսկ այդ պատերազմում «թավշյա» գործիքներվ չես կարող հաղթել։ Այսօրինակ  երեւույթները  շարունակում են գոյություն ունենալ, քանի որ իշխանությունները չեն կիրառում հոգեբանական հակազդման միջոցներ։ Շատ մարդիկ, որոնք նեւրոզներով գալիս են ինձ մոտ, հորդորում եմ՝ փակեք սոցցանցերի ձեր էջերը, ֆեյսբուքները և այլն, մի օգտվեք, լրահոսին մի հետևեք, բացասական ինֆորմացիան  հոգեբանական ազդեցության հզոր գործիք է։ Շատերը արդեն ինքնուրույն չեն էլ օգտվում սոցցանցերից, քանի որ իրենց մաշկի վրա են զգացել  հաճախ ուղղորդված բացասական լրահոսի  վտանգավոր ազդեցությունը»,-նկատեց հոգեբանը՝ հավելով՝ թեև այսօր թիրախավորվել են վարչապետի ընտանիքի անդամները՝ կինն ու երեխան, սակայն ուրիշ բազմաթիվ կանայք, երեխաներ և շարքային քաղաքացիներ ևս ասիմետրիկ պատերազմի այս վտանգավոր փուլում ամեն օր հայտնվում են զոհի կարգավիճակում, պարզապես նրանք մնում են ստվերում՝ անտեսված,  իսկ հոգեբանական դիվերսիան անում է իր չար գործը։  Հոգեբանի խոսքով՝ կառավարության օրակարգում պետք  է լինի համապաստախան կառույցի  ստեղծումը, որի առաքելությունը կլինի հասարակության հոգեբանական անվտանգության հարցերը հոգալը։ «Պետք է աշխատել  մասնագետների հետ եւ հասկանալ, թե պայքարի ի՞նչ գործիքներ պետք է գործի դնել  այս պատերազմին դիմակայելու համար, հակապայքարի ի՞նչ մեթոդներ են պետք, մինչդեռ տպավորություն է, որ կառավարությունը պատշաճ չի գնահատում իրավիճակն ու մատների արանքով է նայում բարձրացված հարցին։ Իշխանությանը թվում է, թե ֆեյսբուքում պարզաբանող ստատուսներ գրելով,  գնալ, մարդկանց հետ մեկ-երկու անգամ հանդիպելով, երկու բառ ասելով  կարող են հարցը փակված-պարզաբանված, լարված վիճակը հանված համարել»,-շեշտեց մասնագետը՝ միաժամանակ նկատելով՝  «այս ամենի  հետեւանքով էլ իրենց ռեյտինգը իջել է եւ աճել է հակառեյտինգը»։ 

Ըստ Բեջանյանի․ «Երբ խոսում ենք անվտանգության մասին, չպետք է հասկանալ միայն երկրի, սահմանների,  մարդու ֆիզիկական անվտանգությունը, այլ՝ առաջին հերթին հոգեբանական առողջության անվտանգության, ինչպեսեւ  տեղեկատվական անվտանգության մասին է խոսքը։  Տեղի ունեցողը «քովիդից» բեթար է։  Եթե Հաագայի դատարանի կողմից հետապնդվող (Ուկրաինայից  երեխաների անօրինական տեղահանման հետ կապված ռազմական հանցագործություններին մասնակցելու մեղադրանքով-խմբ) անձը կարող է երկիր կառավարել, պարզ չէ՞, թե նրա կողմից ներդրված  գործակալներն ինչպիսին կլինեն, ինչ արժեհամակարգ կրող։ Ամեն երկրորդը, սկսած տերտերներից, նույնիսկ բերանս չի պտտվում նրանց հոգևորական անվանել․․․նրանցից շատերին ես ինքս ճանաչում եմ եւ ոմանք ընդհուպ սեռական կողմորոշման խնդիրներ ունեն։  Եւ իրենց քաղաքականություն են մտել, եւ դրա դեմը չի առնվում․․․ Չէ՞ որ միայն վարչապետի երեխան երեխա չէ, ուրիշների երեխաներն էլ են երեխա։  Արտգործնախարար  Արարատ Միրզոյանի երեխան էլ է երեխա, որի ծնողին մեքենայից հանել եւ ոտքերի տակ ծեծում էին, քաղաքական գնահատական տրվե՞ց դրան, մեղավորները պատժվեցի՞ն։  Օրինաչափ է, որ այսքանից հետո  այժմ էլ թիրախում պետք է հայտնվեր իր՝ վարչապետի երեխան»։ 

Հոգեբանի խոսքով՝  Տավուշում տեղի ունեցող զարգացումները նույնպես հոգեբանական կազմակերպված դիվերսիայի մասին են վկայում, երբ անձինք, չունենալով համապատասխան գիտելիքներ ու ինֆորմացիա, ենթարկվում են մանիպուլյացիաների եւ հեշտությամբ կառավարվում։ Նման խրթին հարցը, ինչպիսին սահմանազատման հարցն է, եւ կամ քննարկումների օրակարգ մտցված այլ հարցեր, ինչպես օրինակ Սահմանադրության փոփոխման հարցը, զինանշանի, պետական օրհներգի  վերանայման հարցերը,  չափազանց զգայուն հարցեր են, որոնք բացելուց առաջ պետք է ծայրաստիճան նրբանկատ լինել ու հաշվարկել հնարավոր հասարակական ռեզոնանսները, հատկապես, երբ երկիրը իրական պատերազմին զուգընթաց նաև թիկունքում՝  հիբրիդային պատերազմի թիրախ է։ «Այս՝  ասիմետրիկ պատերազմը լայն թափով շարունակվում է Հայաստան պետության եւ ժողովրդի դեմ։  «Թշնամին շատ բիրտ է եւ խորամանկ ու  կիրառում է կեղտոտ միջոցներ՝ առանց դրանց մեջ խտրություն դնելու, շատ լավ հասկանալով մեր հոգեհուզական վիճակի թույլ ու հիվանդ կողմերը եւ խաղալով հենց այդ կետերի վրա»։ 

Բեջանյանը այս համատեքստում քննադատեց   իշխանություններին, որոնք ցայսօր էլ «թավշյա» բառի խաբկանքի տակ են, և կարծում են, թե շրջապատող իրականությունն էլ է «թավշյա»  գործիքներով արձագանքելու իրենց։  Ավելին՝ 2021-ին, իշխանությունը հասկանալով, որ «թավշյա» զենքերը չեն «կրակում», ժողովրդից խնդրեց պողպատե մանդատ, «պողպատն էլ ստացան, արճիճն էլ, սակայն դարձյալ չեն կիրառում»։ Հոգեբանը նկատի ունի, որ պետք է կիրառել օրենքի տառը ամենայն խստությամբ՝ առաջնորդվելով  լատիներեն «DURA LEX SED LEX» ասացվածքով, որը թարգմանաբար նշանակում է՝ «Օրենքը խիստ է, բայց օրենք է»։   

Հեղինե Մանուկյան