Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք ինքնաբացարկ հայտնելու բարոյական պարտավորություն չե՞ք զգում. Արդեն 2 անգամ դուք չեք ընտրվել. Վիլեն Գաբրիելյանը՝ Արթուր Ղազինյանին

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում դարձյալ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն է: Այդ պաշտոնում «Հայաստան» դաշինը կրկին՝ արդեն 3-րդ անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

«Իմ պատկերացմամբ՝ այստեղ ունենք իրավունքների որոշակի բախում. ձեր իրավունքն է առաջադրել թեկնածու, իմ իրավունքն է նրան ընտրել կամ չընտրել: Ձեր ընտրությունը երկու անգամ մերժել ենք. այրդյոք դուք ձեզ վրա բարոյական պարտավորություն չե՞ք զգում հանրության և նաև ձեր թիմակիցների առջև, որպեսզի ինքնաբացարկ տաք և հնարավորություն տաք առաջադրելու այլ թեկնածուի»,- թեկնածուին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը և հավելեց, որ քվեարկության հարցում ինքն առաջնորդվում է իր խղճի մտոք:

Արթուր Ղազինյանն ասաց, որ եթե «Հայաստան» դաշինքը նման որոշում կայացնի, ինքը կենթարկվի. «Այս առաջադրումն ինքնանպատակ չէ»:

Վիլեն Գաբրիելյանը հստակեցրեց, որ իր հարցն ուղղված էր անձամբ իրեն՝ Արթուր Ղազինյանին, և ոչ թե թիմին: