Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե որոշ ընտրակեղծարարներ իրենց վտանգված զգան իմ այս հայտարարությունից, կարող են իմ դեմ հայց ներկայացնել. Վահագն Ալեքսանյան

Եթե որոշ ընտրակեղծարարներ իրենց վտանգված զգան իմ այս հայտարարությունից, կարող են իմ դեմ հայց ներկայացնել. Վահագն Ալեքսանյան
Քաղաքականություն
16:25, 13 сентябрь 2021
«Արմեն Ռուստամյանն օգնեց ինձ հասկանալ, թե ուր են տանում ընդդիմության ելույթներն ու հարցերը: Փաստորեն ընդդիմությունը փորձում էր մեզ ասել, որ եթե այս ընտրությունները կեղծված չենք անվանում, ապա կեղծված չեն եղել նաև նախորդ ընտրությունները:

Իհարկե, շատ հետաքրքիր մոտեցում է, հատկապես որ հիմա մեզ դիտող ՀՀ քաղաքացիներից և ոչ մեկը անմասն չի եղել ընտրակեղծարարության այն փառահեղ կտավներին, որ ցուցադրել են դահլիճի այս հատվածում տեղակայված ուժերի առաջնորդները:

Օրինակ՝ անմասն չեն եղել ընտրատեղամասում ծեծվող հանձնաժողովականից: Կադրերը դեռ «Ա1+»-ում կան. Ռոբերտ Քոչարյանի առաջին անգամ նախագահ ընտրվելու օրերն էին, թե ինչպես գլուխը սեղանին խփեցին, ինչպես մազերից բռնեցին ու ինչպես տարան քվեատուփը»,- իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նա նկատեց, որ պարոն Վարդևանյանը շատ է խոսում մուրճի մասին. «Բայց երբ պարոն Վարդևանյանի արդեն նախկին պաշտպանյալին հրավիրում էին բանավեճի, ասում էր՝ ինչ բանավեճ, ես դուելի եմ կանչում: Դուելի կանչողի համար մուրճից վախենալը մի քիչ չեմ պատկերացնում: Կամ 15-20 կասկածելի վարքուբարք ունեցող հոգու կողմից վարչապետի հասցեին ուղղված հայհոյանքները դարձնել «Սյունյաց ողջույն» արտահայտություն, և դա կպցնել սյունեցիներին: Չնայած սյունեցիները շատ հստակ պատասխանեցին, թե ով իրենց անունից ողջունելու տեղ ունի կամ չունի: Ով էլ կարծում է, թե դա իր ողջույնի ձևն է, կարծում եմ՝ կարող է համարել, որ իր ողջույնը առանք»:

Ինչ վերաբերում է վերջին ընտրություններին լռության օրվան, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Այդ օրը վերջապես դարձել է լռության օր, ոչ թե երեկոյան վերջին ընտրակաշառքները տներով բաժանելու օր»:

Նա անդրադարձավ նաև «Իմ քայլին» չընտրելու պարտադրանքներին և հեգնեց. «Այդ մարդը, հետաքրքիր ա, չագուչից չէ՞ր վախենում»:

Պատգամավորը հիշեց նաև «Իզմիրլյան» կենտրոնի բուժաշխատողներին և հարց բարձրացրեց. «Այդ բուժաշխատողներն ի վերջո ում ընտրեցին»:

Վահագն Ալեքսանյանը նշեց, որ ընդդիմությանը չի հաջողվի հավասարության նշան դնել այս վերջին խորհրդարանական ընտրությունների և նախկին ընտրությունների միջև. «Ես վստահ եմ, որ բոլոր ընտրակեղծարարների թաթիկներին, ձեռքերին, այլաբանական իմաստով, այդ կամ գուցե ուրիշ մուրճ, այնուամենայնիվ իջնելու է: Եթե որոշ ընտրակեղծարարներ իրենց վտանգված զգան, կարող են իմ դեմ հայց ներկայացնել»:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը: