Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դժվար կլինի ինչ-որ մեկին համոզել, որ ես կապ ունեմ նախկին իշխանության, ֆինանսական հոսքերի հետ»․ Արթուր Ղազինյանը՝ ԵՊՀ-ից տարեկան 22 մլն դրամ աշխատավարձի մասին․ Տեսանյութ

Արթուր Ղազինյանը նշեց, որ իրեն՝ իշխանության կողմից Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում չընտրելը կապված է իր անձի հետ, իր քաղաքական ամբիցիաների հետ։ «Ըստ երևույթի, իրենք արդեն զգացել են իմ հանձնառությունը, սկզբունքայնությունը, գաղափարական նվիրվածությունը, և այն կարգավիճակը, որ ես կստանձնեմ այս հանձնաժողովում էական և լրջագույն ռիսկեր կառաջացնի իրենց քաղաքական  իշխանության համար», - ասաց Արթուր Ղազինյանը։

Արդյո՞ք նույն հանձնաժողովում ընդգրկված «Հայստան» խմբակյցությունից այլ թեկնածուի դեպքում այդ ռիսկերը իշխանության համար կնվազեն հարցին, Ղազինյանը պատասխանեց․ «Կախված է սուբյեկտից։ Կոնկրետ անձը և նրա քաղաքական նկրտումները, հեռահար նպատակները, գործունեությունը։ Նախագահի տեղակալը կարգավիճակ է, որը տալիս է հնարավորություններ քաղաքական ավելի լայն գործունեության, ավելի մեծ լսարան ունենալու և ավելի լուրջ ազդակներ հղելու հասարակությանը»։

Անդրադառնալով իր ունեցվածքին,  Ղազինյանն ասաց, որ ինքը չունի պարտականություն ցույց տալու և ապացուցելու իր ունեցվածքի աղբյուրները, որովհետև չի եղել պետական պաշտոնյա, երբևիցե որևէ կլանի, քաղաքական , օլիգարխիկ համակարգի մաս չի եղել։

«Շատերն են երևի ֆիքսել, որ նույնիսկ նախկին իշխանությունների նկատմամբ արել եմ բավական ընդդիմադիր գործունեություն, կեցվածքս եղել է բավական քննադատական, հետևաբար, դժվար կլինի ինչ-որ մեկին համոզել, որ ես կապ ունեմ նախկին իշխանության հետ։ Այսպես ասած՝ ֆինանսական հոսքերի և այլնի հետ», - ասաց Արթուր Ղազինյանը։

Մեկնաբանելով ԵՊՀ-ից ստացած ամսական մեկ միլիոնից ավել աշխատավարձի հարցը, Ղազինյանը նշեց, որ ԵՊՀ-ում 2010 թվականից ղեկավարում է Եվրոպական միության տարածաշրջանային մագիստրոսական ծրագիր, որը 80 տոկոսով ֆինանսավորվում է եվրոպական կողմից, 20 տոկոսով՝ հայկական, և աշխատավարձը ծրագրի ղեկավարի համար բավական բարձր էր։ «Դա միջազգային ծրագիր էր, որը ԵՊՀ-ի հետ մեծ հաշվով առնչություն չունի։ Գումարը եկել է ԵՊՀ՝ միջազգային գրանտային ծրագրով, և ԵՊՀ-ի հաշվապահությունից եմ ստացել աշխատավարձ, բայց ԵՊՀ-ն իր սեփական միջոցներից ինձ նման աշխատավարձ չի տվել», - նշեց Արթուր Ղազինյանը։

Վերադառնալով հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի իր ընտրվելուն, Ղազինյանը նշեց, որ չգիտի պատճառ, որից դրդված, «Հայաստան» խմբակցությունը պետք է փոխի թեկնածուին։

Հիշեցնենք, որ Արթուր Ղազինյանը 3-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Հանձնաժողովի 4 անդամ քվեարկեց կողմ, 7-ը` դեմ: