Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անկախության 30-ամյակի միջոցառումը չի իրականացվում պետական միջոցների հաշվին, այլ բացառապես մասնավոր ընկերությունների հովանավորության շնորհիվ. «Դոմինո փրոդաքշն»-ի հիմնադիր

Սեպտեմբերի 21-ին Անկախության 30-ամյակի միջոցառումն ամբողջությամբ իրականացնելու է «Դոմինո փրոդաքշն» ընկերությունը:
Մեզ հետ զրույցում ընկերության  հիմնադիր Աշոտ Առաքելյանն ասաց, որ իրենք շուրջ 15 տարի ամբողջ աշխարհում իրականացնում են միջոցառումներ, ներկայացնում են զտված, հայկական, մշակությաին գոհարներ և ունեն մեծ փորձ՝ նման մեծամասշտաբ միջոցառում իրականացնելու համար։ 

Աշոտ Առաքելյանը տեղեկացրեց, որ Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումն իրականացնելու գաղափար ունեին դեռևս ամիսներ, անգամ տարիներ առաջ և պատրաստում էին։   Իհարկե, այս օրերին պայմաններին համապատասխանեցնելով, միավորելու և համախմբելու գաղափարն ավելի ուժեղացնելու կետեր ավելացնելով՝ ծրագիրը  ներկայացրել են կառավարություն, որտեղ համապատասխան հանձնաժողովի քննարկումից հետո  այն հավանության է արժանացել։ 

 «Միջոցառման կարևորագույն  կետերից մեկն անձամբ ինձ համար և, կարծում եմ, բոլոր մասնակիցների համար այն է, որ միջոցառումը չի իրականացվում պետական միջոցների հաշվին, այլ իրականացվում է բացառապես մասնավոր ընկերությունների հովանավորության շնորհիվ»,- ասաց Աշոտ Առաքելյանը։

Միջոցառման խորագիրն է «Հայրենիքիս հետ»։ Աշոտ Առաքելյանը կարծում է, որ միայն գործով ու անելիքով կարող ես անել այն, ինչ որ պարտավոր ես անել քո հայրենիքի համար։

Նա նշեց, որ ինքն անձամբ բարձր գիտակցում ունի այս միջոցառումը կազմակերպելու մեջ, և իր համար նաև պատիվ է նման միջոցառում կազմակերպել նման պատասխանատու ժամանակահատվածում, նման պատասխանատու տարեդարձի դեպքում։

Միջոցառման ժամանակ լինելու է  ակնարկ մեր 30 տարիների անցած ուղուն, թե ինչ է  նշանակում լինել անկախ, ինչ է նշանակում ունենալ հանրապետություն։ 

 «Մենք նաև ակնարկներ ենք արել այդ կետերի վրա, և այդ ամեն ինչը զուգորդվում է բեմադրված թատերական համարներով ու բացառապես սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարումներով։ Ծրագրում կան հայկական բոլոր ժամանակների լավագույն և սիրված կատարումները, որոնք մարդու մեջ առաջացնում են հայրենիքի նկատմամբ սեր, հայրենիքի նկատմամբ հպարտություն, ինչպես նաև հայկական այն կոմպոզիտորների ու հեղինակների կատարումներն են, որոնք մշակությաին առումով հետք են թողել մեր պատմության վրա, մեր հայրենիքը սիրելու ու հայրենիքիը գիտակցելու, գնահատելու թե՛ իրենց երաժշտությամբ, թե՛ իրենց գրած խոսքերով»,- ասաց Աշոտ Առաքելյանը։ 

 Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ միջոցառումից հետո հրավառություն չի լինելու։ Այն տեղեկությունները, որ որոշ լրատվամիջոցներ գրում էին, թե միջոցառումից հետո հրավառություն է նախատեսված, Աշոտ Առաքելյանը հերքեց՝ նշելով, որ դա սուտ է ու չի համապատասխանում իրականությանը։
 «Ու նաև կուզեմ, որպեսզի չշահարկվի կամ չօգտագործվի, որ ա՛յ, տեսեք, մենք ասացինք հրավառություն, իրենք հրավառությունը հանեցին։ Այս ամբողջ ծրագիրն այնքան ծավալուն ու խրթին է, որ իր մեջ ցանկացած փոքր փոփոխություն կարող է խառնել ու քանդել մնացած պրոցեսները, դրա համար ինչպես որ հաստատված եղել է, ինչպես որ պլանավորված եղել է, այդպես էլ շարունակվում է, ու հրավառություն ի սկզբանե չի եղել։ Ի սկզբանե մենք գիտակցել ենք, որ դա պետք չի, չենք էլ առաջարկել, ու բնականաբար կառավարությունը դա չէր էլ հաստատելու, և անիմաստ է դրա շուրջ խոսելը»,- ասաց Աշոտ Առաքելյանը։
 
Խոսելով նաև այն մասին, որ որոշ զոհված զինծառայողների ծնողներ դեմ են Անկախության 30-ամյակի միջոցառման անցկացմանը, Աշոտ Առաքելյանն ասաց, որ ինքը ծառայել է Հայոց բանակում և երկու տարվա մեջ 380 օր անցկացրել է սահմանում և գիտի, թե դա ինչ է, գիտի, որ այնտեղ կարող են նաև կրակել զինվորի վրա,  ու դա եղել  է ոչ միայն այս ընթացքում, այլև եղել է երկար տարիներ։  
 
«Մենք բոլորս ունենք թե՛ կորցրած եղբայրներ, թե՛ վիրավորված ընկերներ. բոլորս ասելով նկատի ունեմ նաև արտիստներին, ու ես վստահ եմ, որ այն մարդիկ, որոնք գնացել են և թե՛ իրենց կյանքն են զոհել, թե՛ իրենց առողջությունն են կորցրել հայրենիքի համար, իրենք դա արել են, որպեսզի մարդիկ ապրեն, իսկ ապրելու համար դու պետք է ունենաս գաղափար՝ ինչի համար ես ապրում, ինչ ես տալիս քո սերունդներին։ Եթե դիրիժորը չպետք է նվագի, բժիշկը չպետք է բուժի, նշանակում է՝ մենք անիմաստ ենք ապրում, իսկ սահման գնացող մարդը գիտակցել է, որ ինքը գնում է, որպեսզի ապահովի շարունակականությունը, ապահովի այն անկախությունը, որ մենք ունենք։ Ու այս քայլով, իմ կարծիքով, սա շնորհակալություն է այդ տղաներին ու այդ տղաների ընտանիքներին, ծնողներին»,- ասաց Աշոտ Առաքելյանը։       
Մանրամասները՝ տեսանյութում 
Լիլիթ Թադևոսյան