Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդ շենքը կառուցել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը. Գագիկ Ջհանգիրյանը՝ իր որդու բնակարանի ձեռք բերման ամսին

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և Վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

Թեկնածուներին ներկայացնում է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

«Այդ շենքը կառուցել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, և այդ փողերն էլ կամ իրենք են տվել, կամ չեն տվել. իրենց հարցրեք, ես տեղյակ չեմ»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի՝ Ջհանգիրյանի որդու համար Կասկադի թաղամասում 600 հազար դոլարանոց բնակարանի ձեռք բերման հարցի, ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

«Ազ ջան, ինչ կապ ունի, իմ տղան չափահաս է, ապրում է առանձին, ունեն 2 երեխա, 3-րդն էլ ուզում ենք, որ ունենան, բայց դեռ չեն ունեցել: Թե հիմա նրա կնոջ հայրը կամ հորեղբայրը... հա, որքան հիշում եմ, հիփոթեքով էլ ձևակերպել են, էդպիսի գումար ոչ էլ Սուքիասյանն է վճարել: Էդ բոլորը երևակայության արդյունք են»,- արձագանքեց Գագիկ Ջհանգիրյանը: