Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես չեմ ասել, թե բոլոր պատվիրատուները բացահայտված են. Ինչ կա-չկա, այդ քրեական գործում է. Ջհանգիրյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և Վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

«2018 թվականին ես ինչ ասել եմ, ուժի մեջ է: Ամեն ինչ էդ գործի մեջ է, ամեն ինչ բացահայտված է, պարզ է, և հիմա էլ նախաքննությունը շարունակվում է: Մենք էդ ժամանակ էդ պայմաններում (չեմ ուզում էստեղ հավելյալ արգումենտներ բերել) կարողացել ենք անել անհնարինը, և այդ բոլորը արձանագրված է քրեական գործի նյութերում: Այո, իմ գզրոցներում որևէ բան չկա, ինչ կա՝ էդ քրեական գործերում է:

Որովհետև երբ ժամանակին ինձ հանիրավի մեղադրում էին, նաև այդ գզրոցները քրքրել են, չկասկածեք»,- Հոկտեմբերի 27-ի գործին առնչվող՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին պատասխանեց Գագիկ Ջհանգիրյանը: 

«Ես չեմ ասել, թե բոլոր հանցակիցները, պատվիրատուն և պատվիրատուները բացահայտված են: Ես ասել եմ՝ ինչ կա-չկա, այդ քրեական գործի մեջ է: Խնդրում եմ, տարընթերցման չտանել: Նախաքննությունը շարունակվում է, և թե ինչ է խոսել նախկին պատգամավորը Նաիրի Հունանյանի հետ, տեղյակ չեմ, ոչ էլ ուզում եմ տեղյակ լինել»,- արձագանքեց Գագիկ Ջհանգիրյանը: