Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս ընթացակարգը խոցելի է. ես քաղաքական հարցերին չպատասխանելու անխախտ որոշում եմ կայացրել. Լիանա Հակոբյանը՝ Խամոյանին

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և Վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

«Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության ընթացակարգը, իմ կարծիքով, խոցելի է, թեև այս ընթացակարգով ներկա եմ այստեղ: Այդ խոցելիությունը պայմանավորված է նրանով, որ ապաքաղաքականացված մարմնում ընտրվող թեկնածուն հանդես է գալիս քաղաքական մարմնի առջև: Ուստի այստեղ գալուց առաջ ես անխախտ որոշում եմ կայացրել ձեռնպահ մնալ բոլոր այն հարցերին պատասխանելուց, որոնք իրենց բնույթով քաղաքական են՝ պահպանելու համար այն սկզբունքը, որն ամրագրված է Դատական օրենսգրքի 4-րդ հոդվածով»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ դատարանների շրջափակմանն առնչվող հարցին, ասաց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Լիանա Հակոբյանը: