Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը որպես ԼՂ հարցի կարգավորման հիմք վերցնում է Մադրիդյան սկզբունքները. Տիգրան Աբրահամյան

«Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո»,- հղում անելով Կառավարության ծրագրին՝ այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին, հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ այսինքն՝ որպես ԼՂ հարցի կարգավորման հիմք վերցնում է այն փաստաթուղթը, որը հայտնի է որպես Մադրիդյան փաստաթուղթ. «Ի դեպ, 2020թ. պատերազմի օրերին ՌԴ ԱԳ նախարարի, նախագահի՝ պատերազմի հետ կապված հայտարարությունների հիմքում նույնպես դրված էր այդ փաստաթղթի կյանքի կոչումը, որը իշխանությունը տապալեց»:

Տիգրան Աբրահանյանն ընդգծեց, որ կառավարության ծրագրի մանրամասները չեն ճշտվել Արցախի Հանրապետության գործող նախագահի հետ, որովհետև նա բազմիցս հայտարարել է, որ Մադրիդյան սկզբունքները անընդունելի են իր համար. «Այդ հարցում երկու կարծիք լինել չի կարող»: