Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կան դեպքեր, երբ անձը կալանավորված լինելու ընթացքում առողջական խնդիր է ձեռք բերում»․ Արամ Վարդևանյանը՝ Չարչյանի, Առուշանյանի, Քոչարյանի ՝ կալանքից հետո հիվանդանալու մասին․ Տեսանյութ

ԱԺ-ում, ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ հարց ու պատասխանի ընթացքում, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը հիշեց տարիներ առաջ Գագիկ Ջհանգիրյանի գնահատականը՝ ուղղված դատախազներին, որոնք, ըստ Ջհանգիրյանի, վերածվում էին գրասենյակային կլերկների, և նշեց, որ հիմա էլ դատավորներն են դառնում գրասենյակային կլերկներ։ Civic.am-ը Արամ Վարդևանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ուներ վերջինս, երբ նշում էր, որ հիմա էլ դատավորներն են վերածվում գրասենյակային կլերկների։ 

«Գրասենյակային կլերկներ ասելով, նկատի ունեի այն, որ պարազապես, բոլոր միջնորդությունները առանց դրանք ուսումնասիրելու, առանց դրանց բովանդակության մեջ խորանալու, պարզապես բավարարելու են։ Ես այդ տեսանկյունից եմ տեսնում, որ այն բոլոր դատավորները, որոնք ընտրվել են մինչդատական վարույթով գործերը քննելու համար, եթե չունենան բավարար անկախության երաշխիքներ, այսինքն դրա ազդակը պատշաճ կերպով չտրվի ԲԴԽ-ի կողմից, նույն 18 դատավորները, որոնք ընտրվում են և որոնք տեսնում են, որ ազդակը ԲԴԽ-ից այն է, որ բոլոր կալանավորումները պետք է բավարարվեն, իրենք գրասենյակային կլերկի պես, բացառապես բավարարելու են», - ասաց Արամ Վարդևանյանը։

Թե ինչու՞ համատարած կալանավորումների մասին սկսեցին բարձրաձայնել միայն այն ժամանակ, երբ քաղաքական դեմքերին սկսեցին կալանավորել, մինչդեռ հասարակ շատ քաղաքացիներ, ամենահասարակ գործերով տարիներ շարունակ կալանավորվել էին և շարունակում են կալանավորվել, Վարդևանյանն ասաց, որ ինքը 2018 թվականից սկսած է զբաղվում փաստաբանական գործունեությամբ, բայց 2018-ից սկսած, ըստ Վարդևանյանի, այնպես չէ, որ ինքը բացառապես քաղաքական գործերով է ներգրավված որպես փաստաբան, և այս ընթացքում խոսել է նաև սովորական գործերով անհիմն կալանավորումների մասին։ Ուղղակի, ըստ Վարդևանյանի, քաղաքական գործերը հանրային հնչեղություն ունեն։

Անդրադառնալով հարցին, որ գրեթե բոլոր դեպքերում քաղաքական գործիչները կալանավորումից հետո ունենում են առողջական խնդիրներ, և արդյոք Վարդևանյանը սրանում միտում չի տեսնում, պատասխանեց․ «Կան դեպքեր, երբ անձը կալանավորված լինելու ընթացքում առողջական խնդիր է ձեռք բերում։ Դուք հարցրեք Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին, թե  քրեակատարողական հիմնարկներում պայմաններն ինչպիսի՞ն են։ Պայմանները, հավատացեք, շատ ծանր են։ Եվ այդ պայմաններում, եթե մարդը առողջական խնդիր ձեռք բերի, թող բնավ արտառոց չլինի», - նշեց Վարդևանյանը։

Մեր օրինակին, որ Ռոբերտ Քոչարյանը, կալանավորված լինելու ընթացքում առողջական խնդիրներ ունենալով տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, ապա, խափանման միջոցի փոխվելուց հետո սկսեց ակտիվորեն մարզվել, լողալ, ակտիվ ֆիզիկական կյանք վարել, Աղվան Հովսեփյանն էլ, կալանավորումից ընդամենը մեկ օր անց ունեցավ առողջության հետ կապված խնդիր, Վարդևանյանն ասաց․ «Կան խնդիրներ, որոնք նոր են ի հայտ գալիս, կա՛ն խնդիրներ, որոնք նախկինում եղել են։ Լինում են դեպքեր, երբ կան նախկինում խնդիրներ, որոնք, որպես այդպիսին չեն սրվում, բայց քրեակատարողական հիմնարոկւմ գտնվելու ընթացքում սրվում են։ Դուք օրինակը բերեցիք երկրորդ նախագահի, ես կարող եմ ասել, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, այդ ժամանակահատվածում, նախագահը գտնվում էր Վարչական դատարանի միջանկյալ որոշումով, որով Ռոբերտ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը արգելվել էր, որովհետև կորոնավիրուսային համավարակի պայմանները կային։ Իսկ մինչ այդ, նախագահը նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնում է գտնվել։ Եկեք, ես հիմա բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունները չհայտնեմ, բայց վստահ եղեք՝ Ձեր այդ մտահոգություններից և ոչ մեկը չի եղել»։

«Եդինայա Ռոսսիա» կուսակցության կողմից Ռոբերտ Քոչարյանին Մոսկվա հրավիրելու հետ կապված, քանի որ Քոչարյանն անցնում է նաև «Կաշառքի» գործով, Վարդևանյանն ասաց, որ անհրաժեշտ է դատարանի թույլտվությունը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կարողանա լքել երկիրը, սակայն Դատարանը, ամեն կերպ, ձգձգում է թույլտվության տրամադրումը։ 

Այդ գործի շրջանակներում հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Վարդևանյանը չի գտնում, որ պաշտպանական կողմից կա իրավունքի չարաշահում և ամեն ինչ արվում է մեղադրական եզրակացության հրապարակումը հետաձգելու համար, Վարդևանյանն ասաց, որ դա դատախազության կողմից մանիպուլյացիա է։ «Ես ինքս այդ գործով պաշտպան եմ եղել։ Նիստերի դահլիճը լքելը ցանկացած դեպքում, պայմանավորված է եղել կոնկրետ մի ինչ-որ անօրինական գործողությամբ։ Մեղադրական եզրակացությունն էլ է հրապարակվելու՝ որևէ խնդիր այդտեղ չկա։ Այլ հարց է, թե այդ մեղադրական եզրակացությունը հրապարակելուց հետո ի՞նչ են ասելու դատախազները։ Կառչել են ինչ-որ մտքից և դա փորձում են ամեն կերպ շահարկել։ Չկա այդպիսի բան», - եզրափակեց Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան