Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիս-Կապան ճանապարհահատվածում ինչո՞ւ է տեղադրվել ադրբեջանական ոստիկանական անցակետ. Արմեն Խաչատրյանը՝ վարչապետին

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցն առնչվում էր Գորիս-Կապան ճանապարհահատվածի Որոտանի հատվածում ադրբեջանական անցակետի տեղակայմանը. «Ինչո՞ւ է տեղադրվել այդ ոստիկանական անցակետը, և ինչո՞ւ են կանգնեցվում ու «մաքսատուրքեր» գանձվում իրանական ավտոմեքենաներից»:

Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցող իրադարձությունները բազմաշերտ են և ունեն բազմաթիվ ենթատեքստեր. «Շատ կարևոր է, որ մենք այդ ենթատեքստերը ճիշտ ընկալենք և ճիշտ թարգմանենք»:

Նրա խոսքով՝ ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար ՀՀ զինված ուժերի դիրքերը համապատասխանեցվել են ՀՀ Խորհրդային Միությունից ժառանգած սահմաններին. «Գորիս-Կապան ավտոճանապարհը երկու տեղ դուրս է գալիս ՀՀ կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից, և դրա պատճառով են մեզ հայտնի ցուցանակներն ու անցակետերը տեղադրվել: Այդ ճանապարհը անարգել պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար: Քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել օտարերկրյա բեռների հանգամանքը, ենթադրում եմ, որ տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը թերևս ի պատասխան այն հայտարարությունների, որ միջանցք տրամադրելու դրույթ ոչ նոյեմբերի 10-ի, ոչ հունվարի 11-ի հայտարարություններում գոյություն չունի»:

Անդրադառնալով իր կողմից հնչեցված Էյվազլի և Չայզամի ադրբեջանական անվանումներին, նա նշեց, որ դա արվել է այն նպատակով, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը չեն գտնվում ՀՀ կամ ՀԽՍՀ տարածքում: