Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխարհում չկա որևէ հանձնաժողով, որը կկարողանա արձանագրել որևէ այլ բան՝ բացի իմ ասածից. Վարչապետը՝ Մամիջանյանին

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի՝ «Հայաստան» հիմնադրամի միջոցներին առնչվող հարցին ասաց. «Այն տեղեկատվությունը, որ դուք ասում եք, սխալ ընկալման արդյունք է, որովհետև կառավարությունը երբեք չի ասել, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները ծախսվել են ռազմական կարիքների համար: Կառավարությունն ասել է, որ հետպատերազմական շրջանում իրականացրել է ավելի քան 100 մլրդ դրամի հատկացում պատերազմի ընթացքում առաջացած կարիքների համար: Այդ 100 մլրդ-ից 52 մլրդ-ը եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից, մնացածը եղել է պետբյուջեի միջոցներից: Չէին կարող պետբյուջեից միջոցներ տրամադրվել, եթե բյուջեում միջոցներ չլինեին»:

Նա ընդգծեց, որ «Հայաստան» հիմնադրամի միջոցները չեն ծախսվել ռազմական կարիքների համար, այլ ծախսվել են այն կարիքների համար, որոնք նախատեսված են հիմնադրամի կանոնադրությամբ. «Աշխարհում չկա որևէ հանձնաժողով, որը կկարողանա արձանագրել որևէ այլ բան՝ բացի իմ ասածից, որովհետև բացի իմ ասածից՝ որևէ այլ բան տեղի չի ունեցել և չէր կարող տեղի ունենալ»: