Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, որոնց զգացմունքները վիրավորել է «գունագեղ» ձևակերպումը. Վարչապետ

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցն առնչվում էր անհետ կորածների, գերիների հարցին և այդ պայմաններում Անկախությանը նվիրված «գունագեղ» տոնակատարությանը:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերջին ամիսներին ինքն անձամբ տասնյակից ավելի հանդիպումներ է ունեցել անհետ կորածների հարազատների հետ, որոնք չեն լուսաբանվել. «Անհետ կորածների հարցով զբաղվող մարմին կա, և մեր պետական մարմինները ամենաբարձր մակարդակով զբաղվում են այդ հարցով: Հիմնական հարցադրումը հետևյալն է. այսքան ժամանակ է անցել, և մենք լուր չունենք գտնվելու վայրը անհայտ մեր զինվորների մասին: Հենց իրավիճակի բարդությունն ու առանձնահատկությունը դա է, որ լուր չունենալու պատճառով է, որ մենք օգտագործում ենք այդ ցավալի բառակապակցությունը»:

Ինչ վերաբերում է Անկախության միջոցառումներին, վարչապետը ներողություն խնդրեց բոլոր այն մարդկանցից, որոնց զգացմունքները վիրավորել է «գունագեղ» ձևակերպմամբ. «Բայց ես ասել եմ, որ մեր տրամադրությունը, ցավոք սրտի, տոնական չէ, բայց նաև կա այլ խնդիր՝ Հայաստանի Հանրապետությունը 30 տարեկան է, իսկ տոնակատարությունը պետք է անենք դրոշներով, իսկ տեսեք, որ մեր ՀՀ դրոշի գույները վառ են: Եվ ես չեմ կարծում, որ մենք պիտի չհարգենք մեր դրոշը»:

Վարչապետի խոսքով՝ սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է Հայաստանի անկախության և արցախյան երեք պատերազմներում և ընդհանրապես մարտական հերթապահության ընթացքում իրենց կյանքը զոհած մեր եղբայրների և քույրերի հիշատակը հավերժացնող մասշտաբային նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ իրենք աշխատանքային քննարկում են իրականացնում արդեն շուրջ 6 ամիս: