Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը մարտիմեկյան հանրահավաքի ելույթի ժամանակ անդրադարձել է Սահմանադրության բարեփոխման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցերի. խոսնակ

Վարչապետը մարտիմեկյան հանրահավաքի ելույթի ժամանակ անդրադարձել է Սահմանադրության բարեփոխման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցերի. խոսնակ
Քաղաքականություն / Հայաստան
21:50, 01 март 2021
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է.

«Վարչապետը մարտիմեկյան հանրահավաքի ելույթի ժամանակ անդրադարձել է Սահմանադրության բարեփոխման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցերին՝

«Մենք այսօր տեսնում ենք, որ այս Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ և ռիսկեր է ստեղծում։ Մենք  պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ և, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի: 
Այս գործընթացը պետք է իրականացնենք Ազգային ժողովի, Կառավարության, Հանրապետության նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում: 

Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի սահմանադրական այնպիսի կառուցակարգերի ստեղծումն ու ձևավորումը, որը կերաշխավորի կայունությունը, անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում և կբացառի այսպիսի ճգնաժամերի ձևավորումը: 

***
Նախորդ տարեվերջին, որպես հանրային համերաշխության վերականգնման միջոց, ես առաջարկեցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Եվ հիմա ցանկանում եմ կրկին պաշտոնապես ասել հետևյալը․ եթե, առաջին հերթին խորհրդարանական ուժերը կընդունեն մեր՝ դեռևս դեկտեմբերի վերջին ձևակերպած առաջարկը, մենք կհամաձայնվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ 

Որովհետև մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը նույնկերպ, իր ազատ կամարտահայտմամբ, ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն: Մենք համոզված ենք մեր ժողովրդի դիրքորոշումների մեջ։ Ասել և ասում եմ հետևյալը՝ դուք ինձ հասցրել եք վարչապետի կարգավիճակի, և  միայն դուք կարող եք ինձ հեռացնել այդ կարգավիճակից: 

Սիրելի ժողովուրդ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը մեկ նպատակ ունի՝ մենք այդ ընտրություններում մեր հաղթանակը չենք փնտրելու, այլ փնտրելու ենք ձեր հաղթանակը, որովհետև դուք պիտի հաղթեք։ 

Հայաստանի Հանրապետությունում որևէ այլ հաղթող ուժ պիտի չլինի։ Հաղթող պիտի լինի միայն ու միայն մեկ ուժ՝ ժողովուրդը։ Մնացած ուժերը՝ քաղաքական ուժերը, զինված ուժերը, բոլոր ուժերը, պետք է անվերապահ ենթարկվեն ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը»։ 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքն ավարտվել է երթով»: