Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը և որդին հայցադիմումներ են ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Գլխավոր դատախազության

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը և որդին հայցադիմումներ են ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Գլխավոր դատախազության
Քաղաքականություն
13:34, 16 сентябрь 2021
3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը, և որդին՝ Նարեկ Սարգսյանը, հայցադիմումներ են ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Գլխավոր դատախազության։

Հայցադիմումները ստացվել են սեպտեմբերի 14-ին։ Այս մասին նշված է Դատական տեղեկատվական համակարգում։ 

Հայցվոր կողմի ներկայացուցիչը Ամրամ Մակինյանն է։ Հայցվոր կողմը պահանջում է վերացնել ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Տ. Դավթյանի կողմից 2020թ. հոկտեմբերի 7-ին կայացված N 22-48-20 /22-048-20/՝ հայցվորին պատկանող գույքի առնչությամբ «Ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումը։ 

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում քննություն է սկսվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի գույքի վերաբերյալ։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով Լյովա Սարգսյանը ծանուցվել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրեն պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել էր ամփոփագիր:

Անի Սարգսյանի հայցադիմումը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Դանիել Սամվելի Դանիելյանին, իսկ Նարեկ Սարգսյանինը՝ Արթուր Ռաֆայելի Ավագյանին։