Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինձ թվում է՝ մրցակցությունը կլինի Արարատ Թումանյանի և Բագրատ Զաքարյանի միջև. Գրիգոր Հարությունյանը՝ Մեղրիի ընտրությունների մասին

Ինձ թվում է՝ մրցակցությունը կլինի Արարատ Թումանյանի և Բագրատ Զաքարյանի միջև. Գրիգոր Հարությունյանը՝ Մեղրիի ընտրությունների մասին
Քաղաքականություն
11:59, 17 сентябрь 2021
Հոկտեմբերի 17-ին Մեղրիում սպասվող ՏԻՄ ընտրություններում առաջադրվել է 4 քաղաքական ուժ։ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանն է, «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն՝ Բագրատ Զաքարյանը,  «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Վարդան Հայրապետյանը, իսկ «Ազատական» կուսակցության ցուցակով առաջադրվել է Խաչատուր Անդրեասյանը։

Մեղրիում տիրող տրամադրությունների մասին Civic.am-ը զրուցել է ՀԺԿ ներկայացուցիչ, Մեղրիում բնակվող  Գրիգոր Հարությունյանի հետ։ 

Նա նշեց, որ այս պահին Մեղրիում խաղաղ է, թեկնածուներն արդեն շտաբներ են բացել։

«Ինձ թվում է՝ մրցակցությունը կլինի Արարատ Թումանյանի և Բագրատ Զաքարյանի միջև։ Ես ինչ-որ մեկին չեմ պաշտպանում, բայց Բագրատն ինձ համար ավելի ընդունելի թեկնածու է։ Նա ավելի տեղեկացված է՝ իր կենսափորձով, ժողովրդի կողմից ընկալելի լինելով։ Որևիցե մեկի մասին բացասական բան չեմ կարող ասել, պարզապես Բագրատին ճանաչելով ասում եմ, որ նա ինձ համար ավելի նախընտրելի է»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։

Նա նշեց, որ ինքն այս հարցում որևէ ակտիվ քաղաքական գործունեություն չի ծավալում։

Գրիգոր Հարությունյանը տեղեկացրեց, որ Մեղրիում վիճակը նորմալ է, ամեն ինչ բնականոն հունով ընթանում է, բայց եթե հանկարծ որևէ խախտում նկատեն, անմիջապես կմիջամտեն։

«Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ ազատ լինի, որևէ ճնշում մարզպետարանից, մեկ այլ տեղից չլինի. մեղրեցիները չեն սիրում ճնշում։ Կարեն Դեմիրճյանի ընտրությունների ժամանակ Մեղրին միակ շրջանն էր, որտեղ նա փաստացի հաղթեց։ Բոլոր տեղերում էր հաղթել, բայց Մեղրիում փաստացի հաղթեց, որովհետև հանձնաժողովներն էլ չփորձեցին կեղծել»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։ 

Լիլիթ Թադևոսյան