Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տոնական պարգևավճարը չվերցնելու մասին հայտարարած «Հայաստան» խմբակցությունը չի դիմել ԱԺ աշխատակազմին՝ դրանից հրաժարվելու համար

Տոնական պարգևավճարը չվերցնելու մասին հայտարարած «Հայաստան» խմբակցությունը չի դիմել ԱԺ աշխատակազմին՝ դրանից հրաժարվելու համար
Քաղաքականություն
14:41, 17 сентябрь 2021
Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք չեն վերցնելու Անկախության տոնի առթիվ ԱԺ-ում տրված պարգևավճարները։  

«Դա տեղի է ունեցել րոպեներ առաջ, ենթադրում եմ՝ Անկախության տոնին է նվիրված: Սա մեզ համար անընդունելի է: «Հայաստան» դաշինքի անունից հայտնում եմ, որ մենք չենք վերցնելու այդ պարգևավճարները: Երբ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան վիրավորներ, հաշմանդամներ, այս իրավիճակում պաշտոնյաները շարունակում են ստանալ պարգևավճարներ: Մենք պարգևավճարները հավանաբար կա՛մ կվերադարձնենք պետական բյուջե, կա՛մ սահմանամերձ շրջաններում կիրականացնենք որևէ ծրագիր»,- հայտարարեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ պարգևատրման ինստիտուտի վերաբերյալ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան:

Civic.am-ը Իշխան Սաղաթելյանից տեղեկացավ, որ իրենք չեն դիմել աշխատակազմին՝ պարգևավճարից հրաժարվելու համար։ Միևնույն ժամանակ, Սաղաթելյանը հաստատեց, որ հրաժարվելու են պարգևավճարից, բայց քանի որ այն արդեն նստել է իրենց հաշվեհամարներին՝ «պետք է հասկանան, թե ինչ են անելու»։ 

«Պատգամավորները այդ գումարներից չեն օգտվելու՝ դա մեր որոշումն է։ Հավանաբար կփորձենք ինչ-որ սոցիալական ծրագրերի ուղղել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ 

Ասել է թե՝ հնարավոր է գումարն ուղղվի ինչ-որ բարեգործության՝ խմբակցության անունից։ Այլ կերպ ասած՝ գումարը «Հայաստան» դաշինքը կօգտագործի, բայց բարեգործական նպատակներով։   
Սաղաթելյանը խոստացավ, որ հրապարակելու և հանրայնացնելու են, թե ի վերջո ո՞ւր ուղղեցին ստացած պարգևավճարները։