Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ ունեցվածք ունեն տոնական պարգևավճարը ստացած, բայց դրանից հրաժարվելու մասին հայտարարած «Հայաստան» դաշինքի պատգամավորները

Ինչ ունեցվածք ունեն տոնական պարգևավճարը ստացած, բայց դրանից հրաժարվելու մասին հայտարարած  «Հայաստան» դաշինքի պատգամավորները
Քաղաքականություն
16:20, 17 сентябрь 2021
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը   «Հայաստան» դաշինքի անունից հայտնել է, որ իրենք չեն վերցնելու այսօր բոլոր պատգամավորներին հատկացված պարգևավճարները: Միևնույն ժամանակ պարզվեց, որ իրենք արդեն ստացել են տոնական պարգևավճարը։

Հարկ ենք համարում ներկայացնել «Հայաստան» դաշինքի որոշ պատգամավորների ունեցվածքը՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերի։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ունի 56 միլիոն դրամ, 95.000 ԱՄՆ դոլար, 28.000  եվրո։ 

Նա համատեղ սեփականությամբ ունի մեկ բնակարան՝ Նալբանդյան փողոցում, մեկ բնակարան էլ՝ Վաղարշյան փողոցում, Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում համատեղ սեփականությամբ ունի 8 հողամաս, 8 միլիոն դրամի թանկարժեք գույք, «Նավասար» ՍՊԸ-ից ստացել է 791.7041 դրամ աշխատավարձ,  «Ի-Մեգա Սերվիս» ՍՊԸ-ում ունի 100 տոկոս բաժնեմաս։ Որպես շարժական գույք՝ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է 2009 թվականի արտադրության «RANGE ROVER SPORT 5.0» մարդատար ավտոմեքենա։

«Հայաստան» դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Վահե Հակոբյանը, ըստ ներկայացված հայտարարագրի, ունի 9.800.000 դրամ,  212.000 եվրո, 408.000 ԱՄՆ դոլար։ Որպես անշարժ գույք՝ Վահե Հակոբյանը հայտարարագրել է նաև Իսպանիայում գտնվող մեկ բնակարան, համատեղ սեփականությամբ 2 բնակարան՝ Դեմիրճյան փողոցում, 3 ավտոկայանատեղի համատեղ սեփականությամբ՝ Դեմիրճյան փողոցում, համատեղ սեփականությամբ մեկ բնակելի տուն՝ Վահագնի թաղամասում, համատեղ սեփականությամբ մեկ հողամաս՝ Վահագնի թաղամասում։ 
 
Որպես շարժական գույք՝ Վահե Հակոբյանը հայտարարագրել է 2015 թվականի արտադրության մեկ «LEXUS ES 250» մարդատար ավոտոմեքենա, 2019 թվականի արտադրության մեկ «Mercedes-Benz, V25O D 4MATIC» մարդատար ավտոմեքենա և 2015 թվականի մեկ «Horley-Davidson, Night Rod SpeciaL» մոտոցիկլետ։ 

Որպես թանկարժեք գույք՝ Վահե Հակոբյանը հայտարարագրել է «Hublot» մոդելի ժամացույց՝ 17 000 ԱՄՆ դոլար արժողությամբ,  «Vacheron Constantin» մոդելի ժամացույց՝ 1. 000.000 ՀՀ դրամ արժողությամբ, «Breguet» մոդելի ժամացույց՝ 12.000.000 ՀՀ դրամ արժողությամբ, Մարտիրոս Սարյանի «Սևան» ջրանկարը՝ 18.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, Մարտիրոս Սարյանի յուղանկար՝ 150.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, Հովհաննես Այվազովսկու նկար՝ 200.000 ԱՄՆ դոլար արժողությամբ։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից ստացել է 72 միլիոն դրամ աշխատավարձ։ Մինչև պատգամավոր դառնալը Վահե Հակոբյանն աշխատել է «Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում, եղել է խորհրդի անդամ։  
  
«Հայաստան» դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Արթուր Ղազինյանը, ունի  33.000.000 ՀՀ դրամ, 200.000 եվրո, 500.000 ԱՄՆ դոլար։
Նա Սևքարեցի Սաքո փողոցում ունի մեկ տուն և մեկ հողամաս ։

Որպես շարժական գույք՝ Ղազինյանը հայտարարագրել է 2016 թվականի արդտադրության  «JaguarXJL 3.0» մարդատար ավտոմեքենա: 
Վերջին մեկ տարում  որպես եկամուտ ստացել է 22 միլիոն դրամ աշխատավարձ։ Մինչև պատգամավոր դառնալը նա աշխատել է որպես ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ունի 358.000 դոլար, 124.000 եվրո և 5.800.000 դրամ։ 

Անդրանիկ Թևանյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է երկու բնակարան՝ Գարեգին Նժդեհի և Մաշտոցի փողոցներում, և երկու ավտոտնակ՝ Գարեգին Նժդեհի և Մաշտոցի փողոցներում:    

Որպես շարժական գույք՝ Անդրանիկ Թևանյանը հայտարարագրել է 2018 թվականի «արտադրության «Honda CR-V» մարդատար ավտոմեքենա։ Որպես «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն՝ ստացել է  874.841 դրամ, իսկ «Թևանյան» ՍՊԸ-ից՝ 880.000 դրամ աշխատավարձ։ Նա «Թևանյան» ՍՊԸ-ի հիմնադիրն է։  

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանն ունի 8.555.000 դրամ, 4200 ԱՄՆ դոլար։

Որպես անշարժ գույք ներկայացրել է երկու  հողատարածք՝ Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքում։ Մինչև պատգամավոր դառնալը նա եղել է «Արինս Մենեջմենթ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը։

 Թեև Արմեն Գևորգյանը շատ համեստ ունեցվածք է հայտարարագրել, սակայն մամուլում բազմիցս գրվել է, թե ինչ իրական ունեցվածքի տեր է  Արմեն Գևորգյանը։

Մասնավորապես, ըստ տելեգրամյան «Hanrapetutyun» ալիքի՝ Արմեն Գևորգյանին փաստացի պատկանող Երևան քաղաքի Տերյան փողոցի 66 շենքի 320.2 քմ մակերեսով թիվ 70 բնակարանի շուկայական արժեքը կազմել է 246.554.000 ՀՀ դրամ, իսկ պայմանագրային արժեքն ընդամենը 19.746.094 ՀՀ դրամ է: 

Նույն պատկերն է կրկին փաստացի Գևորգյանին պատկանող Երևան քաղաքի Տերյան 66 շենքի 16.75 քմ մակերեսով թիվ 43 ավտոկայանատեղիի դեպքում, որի շուկայական արժեքը կազմել է 2.680.000 ՀՀ դրամ (պայմանագրային արժեքը՝ 1.032.939 ՀՀ դրամ), Երևան քաղաքի Տերյան 66 շենքի 1360.08 քմ մակերեսով թիվ 2 տարածքի շուկայական արժեքը կազմել է 1.190.070.000 ՀՀ դրամ (պայմանագրային արեքը՝ 83.837.413 ՀՀ դրամ): 

Համաձայն նույն տելեգրամյան ալիքի՝ Չեխիայում, որտեղ Գևորգյանի ազգականները զբաղված են անշարժ գույքի բիզնեսով, Գևորգյանին են պատկանում «Oftoma s.r.o.» ՍՊ ընկերության սեփականության իրավունքով գրանցված  3 անշարժ գույք՝ 223 քմ մակերեսով առանձնատան հողատարածք, 1097 քմ և 2929 քմ մակերեսով հողատարածքներ:

Վերջին հողատարածքի վրա առկա է 297 քմ մակերեսով շինություն, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 920.000 ԱՄՆ դոլար։ «Rubendyan Invest s.r.o.» ՍՊ ընկերության անվամբ գրանցված են  4 անշարժ գույք՝ 2 բնակարան և 2 ոչ բնակելի տարածք։ Չեխիայի Հանրապետությունում գործող «Rubendyan City s.r.o.» ՍՊԸ-ում գրանցված են 3 քառահարկ շենքեր, ընդհանուր՝ 6942 քմ մակերեսով բազմաբնակարան շենքեր և կից հողատարածքներ։
 
 Հայաստանում Գևորգյանն ունի հողատարածքներ, ավտոկայանատեղիներ ու բնակարաններ Երևանի էլիտար թաղամասերում, Կոտայքում, Սյունիքում, Տավուշում:

Լիլիթ Թադևոսյան