Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նիկոլ Փաշինյանը «отставка» թող տա, հետո մենք կնայենք»․ Ինչ է ուզում արտահերթից հրաժարված ԲՀԿ-ն․ տեսանյութ

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Civic.am-ի հետ հարցազրույցում դիտարկմանը, թե ըստ «Իմ Քայլ»-ի՝  խորհրդարանական ընդդիմությունն է մեղավոր արտահերթ ընտրությունների  չեղարկման համար, քանի որ հրաժարվեց դրանց մասնակցել, չընդունեց մեղադրանքը՝ հայտարարելով, թե զավեշտալի է, որ իշխանությունը մի քանի ամիս առաջ հայտարարում է, որ ուզում է գնալ արտահերթ ընտրությունների, հետո հրաժարվում են այդ մտքից։ 

«Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ գործող իշխանությունն ու վարչապետը պետք է հեռանան և՝ հեռանալու են, և հրաժարականից հետո, իհարկե, տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ, ըստ «Իմ քայլի», արտահերթ ընտրությունը չեղարկելու պատճառը հենց խորհրդարանական ընդդիմության հրաժարումն  էր մասնակցնելու այդ ընտրություններին։  

Մինչդեռ Աբովյանը պնդեց, որ արտահերթ ընտրություններ հաստատ լինելու են։ Իշխանության հրաժարական չտալու դեպքում ԲՀԿ-ն պատրաստվում է սահմանադրական բոլոր ճանապարհներով հասնել իշխանության հրաժարականին, ինչն, ակնհայտորեն, մինչ այժմ նրանց չի հաջողվել։ 

Հարցին, թե ԲՀԿ-ն 17 ուժերի հետ համատե՞ղ է տանելու պայքարը, թե՞ առանձին և արդյո՞ք ընդունելի են իրենց համար տարատեսակ բռնության կոչերը, Աբովյանը պատասխանեց․ «ԲՀԿ-ն գործելու է բոլոր հնարավոր և անհնարին քայլերով՝ օրենքների և սահմանադրության շրջանակներում»։ 

Իրադրության սրման մեղավորը, ըստ Արման Աբովյանի՝ իշխանությունն է։ «Եթե իշխանությունը պնդում է, որ ունի հանրային լայն աջակցություն, ապա թող նշանակի ընտրություններ», - հայտարարեց իշխանության նախաձեռնած արտահերթ ընտրություններից հրաժարված ուժի ներկայացուցիչը՝ միևնույն ժամանակ պնդելով, թե իրենք չեն մտնելու իշխանության օրակարգ․ «Սկզբունքային խնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռանալն է, իսկ մնացած հարցերը տեխնիկական բնույթ են կրում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Վովա Հակոբյան