Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չպիտի բացառել, որ վարչատարածքային փոփոխությունները կարող են լինել մշտապես․ Վաչե Տերտերյան․ Տեսանյութ

«Եթե նախկինում մենք խոսում էինք մի բանի մասին, որը պատկերացնում էինք տեսական հարթության մեջ և լավագույնը կամ առավելագույնը, որ կարող էինք անել գործնական հարթության մեջ, ապա համեմատել այլ երկրներում եղած փորձի հետ, այս կամ այն տեսանկյունից, հիմա մենք կարող ենք արձանագրել, որ այս պահին մենք ունենք գրեթե երկրի կեսում կամ համայնքների կեսում արդեն խոշորացված կամ միավորված տրամաբանությամբ աշխատող  համայնքներ»,- այդ մասին այսօր համայնքների խոշորացման թեմայով ԱԺ լսումների ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ 

Նա հիշեցրեց 2016 թվականի Տաթև, Դիլիջան, Թումանյան համայնքների խոշորացման մասին՝ նշելով,որ 5 տարվա կենսագործունեությունն իրենց որոշակի արդյունքներ տեսնելու հնարավորություն է տալիս։ 

Փոխնախարարի կարծիքով առաջ գնալու համար սա բավարար փորձ է, բայց խորքային վերլուծությունների և հետագայում փոփոխություններ անելու համար միշտ կարելի կլինի ուսումնասիրել նաև ընթացիկ արդյունքները կամ ընթացքը։

«Ես չեմ վախենում կրկնվել, որ այս գործընթացին մասնավորապես տեղական ինքնակառավարման և տարածքային մասով, ինչու ոչ նաև մարզերի և տարածքների մասով, պետք է նայել ոչ թե որպես դոգմատիկ, այլ դինամիկ փոփոխվող պրոցես՝ կախված երկրի առջև կանգնած մարտահրավերներից, տնտեսական, զարգացման ստրատեգիական ուղղությունների, կոմունիկացիաների և այս հանգամանքների հիման վրա։ Չպիտի բացառել, որ վարչատարածքային փոփոխությունները կարող են լինել մշտապես»,- ասաց Վաչե Տերտերյանը։