Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարծիքներ՝ Արթուր Ղազինյանին hանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում 4-րդ անգամ չընտրելու մասին

«Մենք ամեն օր լսում ենք թշնամու առաջխաղացման մասին, և տեսաք հանձնաժողովի նախագահի վարքագիծը և իշխանության՝ հանձնաժողովի անդամների վարքագիծը: Իրենք քվեարկությամբ մերժեցին այդ առաջարկությունը, որից հետո իմ՝ այդ սենյակում մնալը դարձավ աննպատակահարմար», - լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Արթուր Ղազինյանն այսպես մեկնաբանեց  իր՝ դահլիճը լքելը։
 
 Հանձնաժողովը չէր ընդունել Ղազինյանի առաջարկը՝ ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրեր Հայաստանի հարավարևելյան սահմանին տիրող իրավիճակը։ Օրակարգը փոխելուն հանձնաժողովի մեծամասնությունը դեմ քվեարկեց, որից հետո օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու հարցն էր։ Արթուր Ղազինյանը, սակայն, չմասնակցեց հարցուպատասխանին։
 
 Հանձնաժողովի ՔՊ-ական անդամ Վահագն Ալեքսանյանը նշեց, որ հարցեր ուներ ուղղված Ղազինյանին։ 

 Civic.am-ը հետաքրքրվեց Ալեքսանյանից, թե ինչ հարցերի մասին էր խոսքը, քանի որ նախորդ երեք քվեարկությունների ընթացքում բազմաթիվ հարցեր տրվել են Արթուր Ղազինյանին։ Վահագն Ալքսանյանը նշեց, որ հարցերը շատ էին, բայց դրանց մեջ առաջնային էր  ՄԻԵԴ-ի երեկ կայացրած վճիռը, որը հստակորեն, ըստ Ալեքսանյանի, վերաբերում է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին՝ «Մարտի մեկի» գործով։ «Արթուր Ղազինյանը շատ հետաքրքիր մանրամասներ կարող էր մեզ ներկայացնել որպես իրավաբան։ Էլ չենք խոսում մի շարք այլ հանգամանքների մասին, ինչպիսիք են, օրինակ, «Հայաստան» դաշինքի կողմից էսպես հորջորջված, պարգևավճարներից հրաժարումը և այլն։ Այնինչ, նրանք, փաստացի չեն հրաժարվել՝ ինչպես բոլորս տեսանք, և այդպես շարունակ։ Մի շարք հարցեր կային պարոն Ղազինյանին, որոնք մնացին անպատասխան, կարծում եմ՝ նրա վախի պատճառով», - ասաց Վահագն Ալեքսանյանը։
 
 Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ հանձնաժողովի նիստերը չեն տապալվի նախագահի տեղակալ չընտրելու պատճառով։ Քոչարյանը նշեց, որ իրենք սևեռված չեն Արթուր Ղազինյանի անձնի վրա, ասելով․ «Ղազինյանի անձի վրա սևեռված շարունակում է մնալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը, ոչ թե «Հայաստան խմբակցությունը, որովհետև անընդհատ չի բացատրվում պարոն Ղազինյանի կամ այդ ազգանունի հետ կապված ի՞նչ խնդիր են տեսնում, երբ ունեն երեք այլ նորմալ թեկնածուներ։ Թող իրենք քայլ անեն։ Իրենք առաջարկում են, մենք՝ ընտրում։ Իրենք կարող են առաջարկել, բայց իրենք չեն կարող պարտադրել։ Դոնթի բանաձևը պարտադրանքի բանաձև չէ, դա կոնսենսուսի բանաձև է», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: