Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Առիթը բաց չեմ թողնելու բարձրաձայնելու ԲԴԽ նախագահի հանցավոր դերակատարությունը դատական համակարգում»․ Արման Բաբաջանյան

«Առիթը բաց չեմ թողնելու բարձրաձայնելու ԲԴԽ նախագահի հանցավոր դերակատարությունը դատական համակարգում»․ Արման Բաբաջանյան
Քաղաքականություն / Հասարակություն / Իրավունք
14:17, 10 февраль 2021
Այսօր ՀՀ ԱԺ հերթական նիստի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ելույթում, դիմելով Վճռաբեկ դատարանի նորնաշանակ նախագահ Լիլիթ Թադևոսյանին` հայտարարեց․ «Ասում եք ամենօրյա ռեժիմով ծանր աշխատանք եք կատարում։ Իսկ ի՞նչ ասեն այն հազարավոր քաղաքացիները, ում իրավունքները ամեն օր ոտնահարվում են ապօրինի դատական ակտերի դատական վճիռների պատճառով և մարդիկ հանիրավի անազատության մեջ են հայտնվում՝ հանցագործ դատավորների պատճառով»։

Ըստ նրա՝ առանձնահատուկ կարևոր պետք է համարել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ուղարկված գործերի հսկա ծավալը, ինչը մեր դատական համակարգի խայտառակ աշխատանքի արդյունք է, քանի որ մարդիկ Հայաստանում չեն կարողանում իրենց իրավունքները պաշտպանել։  

Բաբաջանյանն անդրադարձավ նաև կալանքի մասին հնչեցվող հարցերին․ - «Վճռաբեկ դատարանը 90 տոկոս և ավել դեպքերում այդ գործերը ուղղակի վարույթ չի ընդունում, դրանք գնում են ուղիղ ՄԻԵԴ։ Այդ դատարանում մեր երկրին վերաբերող գործերի ստվար հատվածը հենց վերաբերում է կալանքին։ Շատ պիտի ուզեինք, որպեսզի Վճռաբեկը, վերջապես, վարույթ ընդուներ այդ գործերը և կալանքի վերաբերյալ կայուն իրավիճակ կարողանար ապահովել»։

Բաբաջանյանը իր խոսքում անդրադարձավ նաև Բարձրագույն խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին․ - «Ուզում եմ, որ ԲԴԽ նախագահին զգուշացնեք, որ ոչ մի հիվանդություն, ոչ մի ալիբի, որ նա կվկայաբերի այսպիսի հանրային միջոցառումներին չներկայանալու համար, նրան չի փրկելու այն պատասխանատվությունից, որ նա անձնապես կրում է իր քաղաքական գործունեության համար և նրա առնչությունները տարբեր քաղաքական խմբակներին մեզ շատ քաջ հայտնի է։ Ես անձնապես ակնդետ ուշադրության տակ եմ պահում այդ անձնավորության շփումները և առիթը բաց չեմ թողնելու ամեն անգամ բարձրաձայնելու նրա ակտիվությունն ու հանցավոր դերակատարությունը դատական համակարգում»։

Ըստ Բաբաջանյանի՝ պետության արդյունավետության և զարգացման համար պետք է գործի կենսունակ և արդար դատական համակարգ, սակայն պատկերը այսօր այլ է․ - «Մենք ունենք վերից վար կոռումպացված, իրենց խղճի դեմ գործարքի գնացած, մեր երկրի հարյուր հազարավոր քաղաքացիների տառապանքների հաշվին հարստացած, քաղաքական պատվերներ կատարող, այդ թվում, վճռաբեկ դատարանի դատավորներ»։

Բաբաջանյանը, մեջբերելով 2020 թվականի նոյմբերի 15-ին ԲԴԽ նախագահի հայտարարությունը, քաղաքական մարտակոչ անվանեց այն․ -«ԲԴԽ նախագահը քաղաքական մարտակոչ ուղղեց դատական համակարգին, դատավորներին՝ հրահանգելով ցույց տալ, որ իրենք «վնգստացող դատավորներ» չեն։ Կարող ենք պնդել, որ Բարձրագույն դատական խորհուրդը ոչ միայն իր ֆունկցիան բավարար և արդյունավետ չի կատարում, այլև ակնհայտ քաղաքական դիրքավորում է զբաղեցնում։ Ընդ որում, սա կարելի է պնդել, ելնելով նրանից, որ այս հայտարարությանը որևէ սթափեցնող, սառեցնող և հակակշռող պատասխան ԲԴԽ ոչ մի անդամի կողմից չի հնչեցվել »։

Սյուզի Սիրականյան