Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինագիծը քաղաքական ճնշում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ. Ադրբեջանի համար շատ կոնկրետ հետևանքներ կլինեն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինագիծը քաղաքական ճնշում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ. Ադրբեջանի համար շատ կոնկրետ հետևանքներ կլինեն
Քաղաքականություն
19:50, 23 сентябрь 2021
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր օրինագիծը քաղաքական փաստաթուղթ է, կարելի է ասել՝ ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումն է այս հարցում։ Սա քաղաքական ճնշման դրսևորում է ԱՄՆ-ի կողմից,  բայց դա իրավական առումով Ադրբեջանին չի կարող որևէ բան պարտադրել»,-Civic.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նոր օրինագծով Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև հետաքննություն սկսել Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասով, ներառյալ արգելված զինամթերքի, սպիտակ ֆոսֆորի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ և այլն: ԱՄՆ օրենսդիրներն այսօր ընդունված փոփոխությամբ նաև պահանջում են հետաքննություն անցկացնել թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ: Նշվում է, որ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ դրանք օգտագործվել են հայ խաղաղ բնակիչներին թիրախավորելու համար:

Ղազարյանի կարծիքով՝ այս օրինագիծը հիմք կհանդիսանա, որպեսզի այլ պետություններ կամ այլ կազմակերպություններ ավելի ազատորեն նման կարծիք հայտնեն: «Համարենք, որ սա քաղաքական ճնշում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ։ Չեմ կարծում, որ Ադրբեջանի համար սա անսպասելի էր, բայց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինագծից հետո  նման դիրքորոշումները կշատանան։ Այս փաստաթղթի կարևորությունն այն է, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ այդ անձինք ռազմագերիներ են, այլ ոչ թե հանցագործություն կատարած անձինք»,- ընդգծեց Ղազարյանը։

Ինչ վերաբերում է պատերազմի օրերին խաղաղ բնակչության դեմ արգելված զինամթերքի, սպիտակ ֆոսֆորի օգտագործման փաստերին և դրանց հաստատվելու դեպքում Ադրբեջանի նկատմամբ հնարավոր հետևանքներին, ապա Ղազարյանն ասաց, որ իրավական առումով ինչպես Կանադայում, այնպես էլ ԱՄՆ-ում կարող են դատական պրոցեսներ սկսվել: «Օրինակ՝  Կանադայում դատական պրոցես կա կոնկրետ մասնավոր ընկերությունների դեմ, որոնք «Բայրաքթար»-ի համար որոշակի սարքավորում են տրամադրել Թուրքիային, քանի որ պայմանագրում կետ կա, որ այդ զենքը չպետք է օգտագործվի քաղաքացիական բնակչության դեմ։ Եթե հիմա պարզվի, որ ամերիկյան ընկերություններ ևս մատակարարել են ինչ-ինչ սարքավորումներ այն ԱԹՍ-ներին, որոնք Թուրքիան օգտագործել է Արցախում քաղաքացիական բնակչության դեմ, ապա այդ ընկերությունների դեմ  ամերիկյան դատարաններում քաղաքացիական հայցեր կարող են հարուցվել։ Ընդհուպ կարող են որոշակի կիսաքաղաքական գործընթացներ սկսվել պետական մարմինների դեմ։ Ինչպես, օրինակ, Կանադայի կառավարությունը արգելեց մասնավոր ընկերություններին այդ սարքավորումները տրամադրել թուրքական ընկերություններին։ Այսինքն՝ նման  փաստաթղթերը և՛ քաղաքական, և՛ իրավական հետևանքներ կարող են առաջացնել, որի համար որոշակի ակտիվություն է պետք»,- եզրափակեց Արա Ղազարյանը։    

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր օրինագիծը շատ լուրջ է, և առաջիկայում այն կարող է շատ կոնկրետ հետևանքներ ունենալ Ադրբեջանի համար: «Բացի նրանից, որ այդ բանաձևն ընդունվել է, և սահմանվեց, որ գերիները պետք է վերադարձվեն, այդ բանաձևում ԱՄՆ  կառավարությանը հանձնարարական կա ճշտելու արգելված զինատեսակների կիրառման փաստերը։ Իսկ  դա նշանակում է, որ եթե Ադրբեջանը մոտ ժամանակներս չվերադարձնի բոլոր ռազմագերիներին, կսկսվեն կիրառվել սանկցիաներ։ Այսինքն՝ Ադրբեջանի համար շատ կոնկրետ հետևանքներ կլինեն։ Այս օրինագիծը լուրջ ազդակ էր Ադրբեջանին ազատ արձակելու գերիներին»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ ամենակարևորն այն է, որ այս հարցում և՛ ԱՄՆ կոնգրեսի, և՛ ԱՄՆ նախագահ Բայդենի մոտեցումները համընկնում են, դա ակնառու դարձավ նաև Անկախության 30-ամյակի առիթով Բայդենի ուղերձից, և առաջիկայում Կոնգրեսի ընդունած բանաձևը կարող է ԱՄՆ կառավարության կողմից կիրառվել անխոչընդոտ։ Եվ եթե Ադրբեջանը սխալվի ու գերիներին չվերադարձնի, ապա սանկցիաներ կկիրառվեն, և Ադրբեջանը հարվածներ կստանա նաև այլ տեղերից, որտեղից երբեք չէր սպասի։ «Օրինակ՝ եթե ԱՄՆ-ից սանկցիաներ սկսվեն, ապա Պակիստանը հետ կկանգնի Ադրբեջանին իր աջակցության հարցերից։ Եվ դա կանի շատ արագ։ Նույնը կանի նաև Իսրայելը՝ կսկսի ավելի զգուշավոր աշխատել Ադրբեջանի հետ։ Այսինքն՝  ռազմագերիներին ազատ չարձակելու դեպքում Ադրբեջանի համար շատ լուրջ   հետևանքներ կլինեն»,- եզրափակեց Գրիգորյանը։