Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համայնքների խոշորացում․ ինչո՞ւ են մարդիկ դեմ խոշորացմանը, և ինչ առավելություններ այն ունի

 
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, անցկացրեց խորհրդարանական լսումներ՝ Կառավարության հեղինակած  ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և  կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

2016 թվականի փետրվարի 14-ից իրականացվել է  համայնքների միավորման 54 ծրագիր.  486 համայնքների միավորմամբ ձևավորվել է 54 համայնք:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ ու մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից:

Վահե Ղալումյանը նշեց, որ այս փուլում ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքները դուրս են մնացել խոշորացման գործընթացից: Նա հույս հայտնեց,  որ առաջիկայում համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ կանդրադառնան այս հարցին:

 Միաժամանակ, Ազգային ժողովի մուտքի առջև բողոքի ակցիա էին իրականացնում Արտաշատի շրջանի Դիմիտրով համայնքի, ազգությամբ ասորի քաղաքացիները՝ պահանջելով չխոշորացնել իրենց համայնքը։ Չնայած որ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները այս փուլում չեն խոշորացվելու, սակայն Դիմիտրովը դրանց ցանկում չկա։ Ակցիայի մասնակիցները մտահոգված են, որ խոշորացման արդյունքում կարող են կորցնել իրենց մշակույթը, լեզուն, սովորույթները։
 
 ԱԺ պատգամավոր, ասորիների ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևան Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք տարբեր միջոցներով փորձել են հասանելի դարձնել իրենց համայնքի տեսակետները կարծիքները, որ չեն ուզում իրենց համայնքը խոշորացվի։ 

 Զեմֆիրա Միրզոևան նշեց, որ իրենց մտահոգություններից մեկն այն է, որ խոշորացումից հետո համայնքի բնակիչները չեն կարողանա ընտրել համայնքի ղեկավար և ուղիղ կապը համայնքի ղեկավարի հետ կկորի։

 Վահե Ղալումյանը նշեց, որ ինքը համաձայն չէ, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները դուրս մնան խոշորացման գործընթացից, որովհետև դա ունի շատ բացասական կողմեր։ Այսպիսով, ըստ Ղալումյանի, մենք տարբերություն ենք դնում մեր քաղաքացիների, համայնքների միջև։

 Անձնագրային բաժիններից սխալ տեղեկություններ տրամադրելուն անդրադառնալով Վահե Ղալումյանն ասաց, որ Զեմֆիրա Միրզոևայի տեսակետին ծանոթ է և կփորձեն մի քիչ ևս խորանալ՝ խնդիրը լուծելու համար։ Իսկ մտահոգությանը, թե կարող է վտանգվել ասորիների մշակույթը, սովորույթները, կրոնը, լեզուն, Վահե Ղալումյանն ասաց, որ խոշորացումը դրանց վրա բացասական ազդեցություն չի կարող ունենալ։
 
 Այս մասշտաբի խոշարացմանը դեմ է նաև Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը։ Անդրեսայանը նշեց, որ սրանով նաև կուսակցանակացվում է համայնքի ղեկավարի ինստիտուտը։ Ըստ Անդրեասյանի, պետք է գործի մեծամասնական և համամասնական ընտրակարգի մեխանիզմը՝ հավասարաչափ։
 
 Ախուրիկ համայնքի ավագ մասնագետ Մարզպետ Սարգսյանն էլ նշեց, որ իրենց համայնքը ևս խոշորացվելու է և ինքը գտնում է, որ դա ճիշտ լուծում է։

 Սարգսյանը նշեց, որ լուծված է նաև համայնքապետարանի և համայնքի բնակիչների միջև կապի հարցը։

 Թե ինչ կարծիքի են հենց բնակիչները՝ խոշորացման մասին Սագսյանն ասաց․ «Հիմնականում մարդիկ դժգոհում են, թե՝ գնանք համայնքապետարան՝ թղթաբանության համար և այլն։ Դրանք ժամանակի ընթացքում լուծվող հարցեր են։ Մարդիկ տեղյակ չեն, թե ինչ խնդիրներ և ինչ առավելություններ կան»։

 Փոփոխություններն ընդունելու դեպքում կունենանք 78 համայնք, որից 71-ը՝ կլինի միավորված։ Չեն Խոշորացվում Երևանը, Գյումրին և 5 չխոշարացված համայնք, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնություններով։

 Նախագիծը ԱԺ լիագումար նիստին կներկայացվի վաղը։
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Վովա Հակոբյան