Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի պատվիրակությանը
Քաղաքականություն
22:38, 23 сентябрь 2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը մասնակցեցին նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ աշխատակազմի ղեկավար կազմը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր գնահատեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի բազմոլորտ, արդյունավետ գործունեությունը:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց համատեղ ծրագրերի շարունակականությունը եւ զարգացման հեռանկարները: Շոմբի Շարփը շնորհավորեց Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ՝ ընդգծելով մեր երկրի վերջին խորհրդարանական ընտրությունների անցկացման ժողովրդավարության բարձր մակարդակը: Այս համատեքստում նա շեշտեց խորհրդարանի դերը՝ որպես ժողովրդի խոսափողի: ՄԱԿ-ի մշտական համակարգողը շնորհավորեց խորհրդարանականներին 2021 թվականի ՄԱԿ-ի միջգերատեսչական աշխատանքային խմբի (ՄԱԿ-ի ՄԳԱԽ) մրցանակակիր դառնալու առթիվ:

Մրցանակը վերաբերում է Ազգային ժողովի կողմից ծխախոտի վերահսկմանն առնչվող օրենքի ընդունմանը: Խոսելով Հայաստանում ՄԱԿ-ի առաքելությունից` Շոմբի Շարփը վերահաստատեց խորհրդարանի կարողությունների հզորացմանը եւ խորհրդարանական շրջանակներում իրականացվող բարեփոխումներին իր կառույցի կողմից տարբեր ձեւաչափերով աջակցության պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման ժամանակագրությունը։