Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Համայնքների խոշորացման այս տարբերակը ամենահստակն ու արդյունավետն է»․ Գնել Սանոսյանը կոչ արեց կողմ քվեարկել

«Համայնքների խոշորացման այս տարբերակը ամենահստակն ու արդյունավետն է»․ Գնել Սանոսյանը կոչ արեց կողմ քվեարկել
Քաղաքականություն
18:27, 24 сентябрь 2021
Ազգային ժողովում այսօր քննարկվեց Կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ 

Հիշեցնենք, որ նախագիծը 59 կողմ ձայնով ընդունվել էր առաջին ընթերցմամբ։

Հիմնական զեկուցող, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ առիթ են ունեցել այն քննարկել նաև դահլիճից դուրս, և կարևորեց հանգամանքը, որ առիթ եղավ օրենսդիր մարմնին ներկայացնելու բոլոր հարցերը, և այդ հնարավորությունը ունեցան նաև համայնքների ղեկավարները։ «Այդ քննարկումների արդյունքում հանգեցինք որոշակի եզրակացության և առավոտյան ներկայացված նախագծի մեջ առաջարկել ենք երկու փոփոխություն, լրացում։

Լրացումներից մեկը վերաբերում է Արմավիրի մարզում խոշորացված «փնջերից» մեկում համայնքի կենտրոնը փոխել Ջրառատից Գայ բնակավայր։ Երկրորդ փոփոխությունը նորից կապված էր տարբեր քաղաքացիների, համայնքների կողմից մեզ, ԱԺ գործընկերներին ուղարկված գրությունների շարքերի հետ, որը վերաբերում էր Նաիրիի շրջանին։ Մենք նախագծում առաջարկել էինք Եղվարդ կենտրոնով Նաիրի շրջան ունենալ, և մեր գործընկերների առաջարկն այն էր, որ ամբողջ Հայաստանում կիրառվել է հետևյալ սկզբունքը՝ որտեղ կա քաղաք, քաղաքների շուրջը՝ բացառությամբ Երևանի և Գյումրիի, հավաքվել են բնակավայրեր, «փնջեր», ինչո՞ւ է այդ դեպքում Նոր Հաճնը, որպես քաղաք, միավորվում Եղվարդ քաղաքին։ Բազմաթիվ քննարկումներ են եղել մինչև այսօր, և դրանց հետևանքով եկանք եզրակացության, որ այս տարբերակն ընդունելի է, և այդտեղ էլ ենք առաջարկում փոփոխություն։ Կունենանք առանձին Եղվարդ խոշորացված համայնք և Նոր Հաճն խոշորացված համայնք։ Ութ բնակավայր կմիավորվեն, և որոշակի ենթակառուցվածքային և այլ գործոններից ելնելով, մոտավորապես 30-35 հազար՝ երկուսը առանձին-առանձին, փնջեր կունենանք։ Այլ փոփոխություն չենք նախատեսել։ Բոլորի կարծիքները հարգել ենք, բայց բերված արգումենտները այդքան հստակ չեն եղել։ Մեր գործունեության մեջ միշտ նկատի կունենանք այդ հարցերը և աշխատանքի մեջ կփորձենք ցույց տալ, որ այս տարբերակը քննարկված և մեջներից ամենահստակն է ու արդյունավետը»,- ասաց Գնել Սանոսյանը։

Նախարարը նշեց, որ պատերազմից հետո մեր երկրին բոլոր ոլորտներում միավորվել է պետք, և այս բառը հետաքրքիր է հնչում՝ մենք նաև համայնքներն ենք միավորում։