Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը վախենում է, որ իր պատերազմական հանցագործությունները կբացահայտվեն, այդ պատճառով Ադրբեջանը չի վավերացրել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը․ Արա Ղազարյան

Ալիևը վախենում է, որ իր պատերազմական հանցագործությունները կբացահայտվեն, այդ պատճառով Ադրբեջանը չի վավերացրել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը․ Արա Ղազարյան
Քաղաքականություն
18:52, 24 сентябрь 2021
«Դա ընդամենը քաղաքական հայտարարություն էր, որը որևէ պարտավորեցնող հետևանք չունի։ Ավելի շատ մեզ համար օգտակար էին այն գնահատականները, որ Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիները ռազմագերի են»,- Civic.am-ի հետ զրույցում խոսելով երեկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագծի մասին՝  ասաց փաստաբան Արա Ղազարյանը։
 
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նոր օրինագծով Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև հետաքննություն սկսել Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասով, ներառյալ արգելված զինամթերքի, սպիտակ ֆոսֆորի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ և այլն։

Արա Ղազարյանը նշեց, որ մնացածը, կարելի է ասել, ԱՄՆ օրենսդիր մարմնի տեսակետն է, որն իրավական գործընթաց չէ, բայց իրավական փաստաթղթերում որպես այլ ապացույցներ, երկրորդային ապացույցներ կարող են նման փաստաթղթերը վկայակոչվել, որոնք հիմնականում թույլ ապացույցներ են։

«Բայց լոբբիստների, դիվանագետների, մոնիտորինգային խմբերի համար դա, իհարկե, կարևոր հայտարարություն է»,-ասաց Արա Ղազարյանը։

Խոսելով նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության մասին, թե՝ ռազմական հանցագործությունների միջազգային տրիբունալը բավական քաղաքականացված ինստիտուտ է՝ հիմնված ընտրովի մոտեցումների վրա, Արա Ղազարյանն ասաց, որ խոսքը Միջազգային քրեական դատարանի մասին է։

Փաստաբանի խոսքով՝ իրական պատճառը, որ Ալիևը նման հայտարարություն է արել, այն է, որ նա վախենում է, որ իր երկրի, իր պաշտոնատար անձանց  պատերազմական հանցագործությունները կբացահայտվեն, և դա է պատճառը, որ Ադրբեջանը չի վավերացրել այդ դատարանի կանոնադրությունը, բայց Հայաստանն էլ չի վավերացրել։ 

«Ալիևի համար ավելի նախընտրելի է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործը քննվի կամ նույնիսկ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային ատյանում, որովհետև այստեղ նա կարող է որոշակի պարիտետի հասնել, մանավանդ Եվրոպական դատարանում, քան Միջազգային քրեական դատարանում, որն իր սեփական հետաքննությունն անելու լիազորություն ունի։ Այնտեղ նշանակվում է կոնկերտ գործով դատախազ, բացի դրանից, այնտեղ անհատական քրեական հետապնդման մասին է խոսքը կոնկրետ ռազմական հանցագործության հետ կապված»,-եզրափակեց Արա Ղազարյանը։