Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են Նյու Յորքում

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են Նյու Յորքում
Քաղաքականություն
10:05, 25 сентябрь 2021

Նյու Յորքում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ միջնորդները առանձին հանդիպումներ են ունեցել Միրզոյանի եւ Բայրամովի հետ, ինչպես նաեւ հրավիրել են նախարարներին համատեղ հանդիպման:
 
«Համանախագահներն ու արտգործնախարարները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չլուծված հարցերի լայն շրջանակը: Համանախագահներն առաջարկել են իրավիճակի լիցքաթափման կոնկրետ միջոցառումներ եւ հնարավոր հաջորդ քայլերը»,- ասված է հայտարարության մեջ:

«Համանախագահները ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր երկու երկրների արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը՝ ի նշան ուղիղ երկխոսության միջոցով խաղաղության գործընթացը վերսկսելու երկու երկրների վճռականության՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ բարգավաճման խթանմանը: Համանախագահները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակել աշխատանքը կողմերի հետ՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի համապարփակ լուծումներ՝ իրենց մանդատին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ:
 
Սեպտեմբերի 24-ին համանախագահները հանդիպել են նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ: