Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությանը

Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությանը
Քաղաքականություն / Հայաստան / Միջազգային
20:11, 02 март 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության առաջին ռեզիդենտ դեսպան Նիկոլաս Սխերմերսին. տեղեկացնում են փոխվարչապետի աշխատակազմից:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանում Նիդերլանդների ռեզիդենտ դեսպանության բացումը և հույս հայտնել, որ Հայաստանում դեսպանի ներկայությունը թույլ կտա առավել ակտիվացնել երկու երկրների միջև շփումներն ու հարաբերությունները:

Նիդերլանդների դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել է փոխվարչապետին, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-նիդերլանդական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց մեղմման ուղղությամբ Կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ:

Քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական ոլորտում համագործակցության համար առկա նախադրյալները: Փոխվարչապետը կարևորել է և հեռանկարային է համարել, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում հնարավոր համագործակցության զարգացումը՝ ներկայացնելով դեսպանին Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի ներդրումային ներուժը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությանը: Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է ՀԸԳՀ հիմքի վրա մշակված տարբեր ոլորտների ռազմավարությունների ընթացքը: Երկուստեք կարևորվել են արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները և այդ ուղղությամբ համագործակցության խորացումը: