Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ընդդիմությունը պետք է ապացուցի, որ կա արտահերթ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ»․ Սերգեյ Բագրատյան․ տեսանյութ

ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Civic.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի «Իմ Քայլը» խմբակցության օրերս տարածած այն հայտարարությունը, համաձայն որի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կարիք չկա, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց, թե քանի որ իշխանության կողմից հրապարակած ճանապարհային քարտեզը մնում է օրակարգում, չի կարելի պնդել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը իսպառ բացառվում է։ Ըստ նրա,  հաշվի առնելով հետպատերազմական սթրեսային իրավիճակը՝ հիմա նպատակահարմար չէ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ 

Իշխանության կողմից արտահերթ ընտրությունների անցկացման «վիժեցման» մեղադրանքների առթիվ Սերգեյ Բագրատյանը տեսակետ հայտնեց, որ  իշխանությունը կարող է ցանկացած հայտարարություն անել, որին ընդդիմությունը կարող է համաձայնել կամ չհամաձայնել, և արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջատեր պետք է լինի ընդդիմությունը։ 

«Ընդդիմությունը պետք է ապացուցի, որ կա արտահերթ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ, սակայն իշխանության հայտարարությունից հետո ընդդիմությունը որևէ առարկայական դիրքորոշում չի հայտնել»,-ասաց նա։ 

Հարցին, թե անձամբ ինքը ի՞նչ դիրքորոշում ունի արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասով, Բագրատյանը պատասխանեց, որ կարևորը հանրության կարծիքն է։ «Իսկ հանրության մեջ որոշ շերտեր կողմ են արտահերթ ընտրությունների անցկացմանը, իսկ որոշները՝ դեմ։ Պետք է լինեն մասնագիտական հարցումներ կամ ժողովուրդը պետք է փողոցային հավաքների ճանապարհով ազդակներ հղի իշխանություններին, որ կան արտահերթ ընտրություններ անցկացնելու կարիք»,-շեշտեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Վովա Հակոբյան