Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանից մոտ 70 գերի է վերադարձել Հայաստան

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանից մոտ 70 գերի է վերադարձել Հայաստան
Քաղաքականություն / Հասարակություն
15:20, 10 февраль 2021
Երեկ Ադրբեջանից Հայաստան վերադարձան պատերազմի ժամանակ գերեվարված ևս 5 գերիներ։ Civic.am-ի տեղեկություններով 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը շուրջ 70 հայ գերի է վերադարձրել ռուսական կողմի միջնորդությամբ։ 
 
Իրավապաշտպան, ՀՀ արդարադատության նախկին նախարար, Արտակ Զեյնալյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց վստահորդներից ավելի քան 20-ը վերադարձել են Հայաստան։ «Ադրբեջանում դեռևս մի քանի տասնյակ հայ գերիներ կան։ Նրանց գերեվարման վերաբերյալ ունենք անհերքելի ապացույցներ, սակայն մեծ մասի գերեվարման փաստը Ադրբեջանը դեռևս չի հաստատել»,-նշեց նա։  

Պարոն Զեյնալյանից հետաքրքրվեցինք նաև արդեն իսկ վերադարձած գերիների առողջական վիճակից։ Ի պատասխան մեր հարցի՝ փաստաբանն ընդգծեց, որ հայրենիք վերադարձած գերիները նախ ենթարկվում են բժշկական զննության՝ հետազոտության և անհրաժեշտության դեպքում՝ բուժման։ Բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո միայն վերադառնում են իրենց տուն։ 

ՄԻՊ հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանն էլ նշեց, որ թեպետ Արման Թաթոյանն ու ՄԻՊ աշխատակազմն այցելում են հայրենիք վերադարձած գերիներին և արձանագրում նաև նրանց առողջական խնդիրները, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ գերիների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն չեն հրապարակում՝ ելնելով ռազմավարական տեսանկյունից․ հաշվի է առնվում, որ Ադրբեջանում շարունակվում են պահվել հայ գերիները։ 

«Արման Թաթոյանը, ՄԻՊ աշխատակիցներն ամենօրյա սկզբունքով զբաղվում են գերիների հարցով, այցելում են նրանց։ ՄԻՊ-ը փաստագրական աշխատանքներ է իրականացնում, որոնց մեջ նաև նրանց առողջական խնդիրներն են ներառվում, որոնք կարող են տրամադրվել նաև միջազգային կազմակերպություններին, Կառավարությանը, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչին՝ իր գանգատի հիմքում դնելու համար»,-ասաց Նունե Հովսեփյանը։   

Մենք կապ հաստատեցինք նաև Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի հետ, որտեղից էլ մեզ տեղեկացրեցին, որ խոշտանգումների ենթարկված, առողջական խնդիրներ ունեցող գերիների վերաբերյալ փաստերը ևս ներկայացվում են ՄԻԵԴ ամբողջական գանգատի շրջանակում։

«Բոլոր վերադարձած գերիների հետ հարցազրույցներ ենք իրականացնում, քննչական գործողություններ են կատարվում , որոնք փաստագրվում են և ներկայացվում են ՄԻԵԴ ամբողջական գանգատի շրջանակում։ ՄԻԵԴ-ը ուսումնասիրում է այդ հանգամանքները և վերջում կարձանագրի կյանքի իրավունքի, սպառնալիքի, կամ խոշտանգումների արգելքի խախտում»,-պատասխանեցին գրասենյակից։  
 
Նարա Մարտիրոսյան