Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև 2022թ. հուլիսի 1-ը հիփոթեքային վարկի ստացման դեպքում եկամտահարկի վերադարձը կկիրառվի. Արման Պողոսյանը՝ Երևանում համակարգը աստիճանաբար դադարեցնելու մասին

Մինչև 2022թ. հուլիսի 1-ը հիփոթեքային վարկի ստացման դեպքում եկամտահարկի վերադարձը կկիրառվի. Արման Պողոսյանը՝ Երևանում համակարգը աստիճանաբար դադարեցնելու մասին
Քաղաքականություն
11:33, 29 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր 5 հարց:

Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը ներկայացնում էր ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Վերջինս, մասնավորապես, նշեց. «Նախագծի կարգավորման առարկան բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով ներգրավված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսները եկամտահարկից հետ վերադարձնելու համակարգի վերանայումն է»: 

Նրա խոսքով՝ համակարգի ներդրումից ի վեր պրոգրեսիվորեն աճել են և շահառուների քանակը, և պետբյուջեից վերադարձվող եկամտահարկի գումարը. «Ակնկալվում է, որ 2021 թվականը կամփոփվի շահառուների շուրջ 17 հազար թվաքանակով՝ այս պահին եղած 16.100-ի համադրմամբ, իսկ վերադարձվող ամբողջ եկամտահարկի գումարը կհատի 20 մլրդ դրամի սահմանագիծը»:

«Առաջարկվում է ըստ տարիների և ըստ գոտիականության միայն Երևան քաղաքի վարչական տարածքի սահմաններում աստիճանաբար դադարեցնել եկամտահարկի վերադարձման համակարգի գործողությունը: Մասնավորապես, եթե հիփոթեքային վարկը ստացվել է մինչև 2022թ. հուլիսի 1-ը, ապա համակարգը կարող է կիրառվել, իսկ դրանից հետո համակարգը չի գործելու 1-ին գոտում: Եթե գույքը ձեռք է բերվում 2-րդ գոտում, համակարգը չի գործելու 2023թ. հունվարի 1-ից, իսկ 2023թ. հուլիսի 1-ից, եթե գույքը ձեռք է բերվում 3-րդ գոտում:

Եթե վարկը ստացվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո, եկամտահարկի վերադարձն այլևս չի կիրառվի»,- նշեց փոխնախարարը և հավելեց, որ ասվածը վերաբերում է միայն Երևան քաղաքին: