Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հարցեր կան, որոնցում Արևմուտքը կախված է Թուրքիայից, և Թուրքիան դա գիտի ու հենց այդ դաշտում էլ խաղում է». Ստեփան Սաֆարյանը՝ Էրդողանի և Պուտինի հանդիպման մասին

«Հարցեր կան, որոնցում Արևմուտքը կախված է Թուրքիայից, և Թուրքիան դա գիտի ու հենց այդ դաշտում էլ խաղում է». Ստեփան Սաֆարյանը՝ Էրդողանի և Պուտինի հանդիպման մասին
Քաղաքականություն
18:39, 29 сентябрь 2021
Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաճելի որակեց ՌԴ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների դրական զարգացումը և նշեց, որ ոլորտային կառույցները մշտապես համագործակցում են միմյանց հետ։ «Բանակցությունները երբեմն հեշտ չեն ընթանում, բայց ավարտվում են դրականորեն։ Մեր կառույցները սովորել են գտնել փոխզիջումներ, որոնք շահեկան են երկու կողմերի համար»,- ասել է Վլադիմիր Պուտինը։ 

Պուտինն ընդգծել է Աղդամում տեղակայված ռուս-թուրքական կենտրոնի դերը հայ-ադրբեջանական սահմանում հրադադարի պահպանման հարցում։ Էրդողանն էլ իր հերթին նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից։
Թեմայի մասին Civic.am-ը զրուցեց փորձագետ, Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանի հետ։

Ըստ Սաֆարյանի՝ ՌԴ-ն մի կողմից փորձում է շոյել Թուրքիային՝ ցույց տալով, որ վերջինս Կովկասում կարևոր խաղացող է, թեպետ ոչ մի թղթով դա ամրագրված չէ՝ բացի Աղդամում տեղակայված կենտրոնից, և այսպիսով ուզում է հասկացնել, որ Թուրքիան կա պրոցեսների մեջ, մյուս կողմից՝ հասկացնում է, որ Ռուսաստանը պաշտոնապես համարվում է խաղաղությունը պահպանող կողմ, ու եթե այդ խաղաղությունը խաթարվի, ապա դա Թուրքիայի դերակատարմամբ կլինի։     
 
«Կարծում եմ՝ երկու ուղերձն էլ կա. մեկը՝ շոյող, մյուսը՝ հասկացնող, որ՝ «ես պատերազմ չեմ ուզում, ու եթե պատերազմ լինի, ապա դու ես հրահրողը»։ Մյուս կողմից՝ հասկացնում է, որ «դու կաս պրոցեսներում և այդքանով բավարարվիր»»,- ասաց Ստեփան Սաֆարյանը։ 
Էրդողանը Պուտինի հետ հանդիպմանը նշել էր նաև, որ կան հայտնի անձինք, ովքեր որոշ հարցեր են բարձրացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ, և իրենք նրանց տվել են անհրաժեշտ պատասխաններ։ Էրդողանը նաև նշել էր, որ կան քայլեր, որոնք արդեն մեկնարկել և ավարտվել են, և հետքայլ չի կարող լինել։

Ստեփան Սաֆարյանը նշեց, որ չի հետևել ՄԱԿ-ում կայացած բոլոր ելույթներին, սակայն, հավանաբար, խոսքը Միացյալ Նահանգների մասին է, որը շատ խիստ դրել է C400-ների գործարքի խնդիրը, քանի որ Ռուսաստանը և Թուրքիան պատրաստվում են երկրորդ խմբաքանակը ձեռք բերել և մատակարարել, և, ըստ Սաֆարյանի, այս բոլոր խնդիրներն են պատճառ եղել, որ Միացյալ Նահանգների նախագահը մերժեց Էրդողանի հետ հանդիպումը։ «Հավանաբար Էրդողանը զայրացած է եղել և զայրույթը այդ կերպ է թափում, որովհետև այդ հարցերը տրվել են Միացյալ Նահանգների կողմից և, առաջին հերթին, վերաբերում են C400-ների ձեռք բերմանը, և Էրդողանն ասում է, որ դա անշրջելի է, այսինքն՝ իրենք անելու են այն, ինչ անում են»,- ասաց Ստեփան Սաֆարյանը։ 

Ըստ Սաֆարյանի՝ քանի որ Թուրքիան արդեն թաթախվել է մի շարք տարածաշրջաններում, խնդիրներ է ստեղծում, ծառայություններ է մատուցում՝ Աֆղանստանում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում,  Կովկասում Թուրքիան դեռևս պահանջված է մնում, և կտրուկ քայլեր չեն ձեռնարկվում իր դեմ։ «Հարցեր կան, որոնցում, այնուամենայնիվ, ուզենք թե չուզենք, Արևմուտքը կախված է Թուրքիայից, և Թուրքիան դա գիտի ու հենց այդ դաշտում էլ խաղում է։ Թե հետագա նրա քայլերը ինչ աստիճանի կզայրացնեն Արևմուտքի դաշնակիցներին, որից հետո նրանք կանցնեն շատ ավելի առարկայական զսպման գործողությունների՝ այս պահին դժվար է կանխատեսել։ Դատելով Էրդողանի հոխորտանքներից՝ նա չի պատրաստվում ընկրկել, ավելին՝ փորձում է մերժվելու համար իր զայրույթը դրսևորել ՌԴ-ի հետ սիրախաղը շարունակելով, որն, ըստ էության, վտանգում է Միացյալ Նահանգների և Արևմուտքի շահերը։ Թե որքան կլինի Արևմուտքի համբերության սահմանը՝ բարդ է ասել։ Տեղեր կան, որտեղ Արևմուտքը կախված է Թուրքիայի գործոնից, տեղեր կան, որտեղ Թուրքիան բացահայտ կարմիր գծեր է հատում»,- ասաց Սաֆարյանը։ 

Թուրքիան, ըստ Ստեփան Սաֆարյանի, դուրս է եկել Արևմուտքի վերահսկողությունից թե՛ ժողովրդավարական առումով, թե՛ դաշնակցային պարտավորությունների կատարման։ «Անգամ ՆԱՏՕ-ի ամենաազդեցիկ անդամը՝ ԱՄՆ-ը, չի կարող ազդել Թուրքիայի վարքագծի վրա»,- եզրափակեց Ստեփան Սաֆարյանը։

Վովա Հակոբյան