Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շատ ավելի շատ կարգապահական վարույթներ եմ հարուցելու դատավորների նկատմամբ․ Կարեն Անդրեասյանը՝ վեթինգի մասին

«Ես շատ ավելի շատ կարգապահական վարույթներ եմ հարուցելու դատավորների նկատմամբ, շատ ավելի ուշադիր եմ լինելու դատավորների կողմից խախտումների նկատմամբ և դրա համար ներգրավել եմ շատ ավելի շատ աշխատակիցներ, որպեսզի մենք տեսնենք, թե համակարգում որ դատավորը ինչ սխալ է թույլ տալիս դատավարական կամ նյութական, որպեսզի կարգապահական վարույթներ հարուցվեն»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Անդրադառնալով վեթինգի իրականացմանը՝ նախարարը նշեց, որ կա երկու ճանապարհ՝ առաջինը կարգապահական վարույթները, որոնցով  շատացնում են և՛ ուշադրությունները, և՛ քանակները․ «Ես ակնկալում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը, որտեղ մարդիկ նույնպես խոսում են վեթինգի և համակարգը մաքրելու մասին՝ իրենք են հենց այս ամբողջ գործընթացի գլխին կանգնած որպես պետական մարմին և մեր համագործակցությունը՝ այսինքն ես վարույթները հարուցեմ, իրենք քննեն գործերը և արդար որոշումներ կայացնեն, շատ շուտով մենք կարող ենք ունենալ վեթինգի առաջին դրսևորումներն իմ պաշտոնավարման ժամանակ»։

Կարեն Անդրեասյանը հավելեց նաև, որ քննարկում են վեթինգի այլ ուղի․ «Օրենսդրությամբ սահմանված հենց վեթինգի միանգամյա գործառույթ քաղաքացիական հասարակության մեր գործընկերների հետ, որոնք լուրջ փորձ ունեն տարբեր երկրներից կուտակած։ Մենք ներկայումս նայում ենք՝ հնարավոր է մեր ներկայիս Սահմանադրության պարագայում ունենալ վեթինգ, որպես առանձին գործառույթ, ոչ թե որպես կարգապահական վարույթներով մի մաս»։ 

Լրագրողների դիտարկմանը՝ չե՞ք մտածում, որ շատ կարգապահական վարույթներ հարուցելը կվերածվի ճնշման գործիքի դատավորների և ամբողջ դատական համակարգի նկատմամբ, որովհետև տպավորություն է, որ կառավարությունը կարգապահական վարույթների միջնորդություններ է ներկայացնում հատկապես այն դատավորների նկատմամբ, որոնք ոչ իշխանահաճո որոշումներ են կայացնում՝ նախարարն արձագանքեց․ «Ես կարգապահական վարույթները հարուցում եմ, ոչ թե երբ տեսնում եմ ինչ-որ մեկին հաճո է, կամ անհաճո, այլ երբ դատավորը կոնկրետ սխալ է թույլ տվել, այնուհետև միջնորդություն ենք ներկայացնում ԲԴԽ, իսկ թե ինչ է լինում ԲԴԽ-ում՝ դա ձեր աչքի առաջ է լինում։»։ 

Նախարարը նաև տեսակետ հայտնեց, որ ԲԴԽ-ն քիչ է պատասխանատվության ենթարկել դատավորներին նախկինում։