Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողան-Պուտին հանդիպման արդյունքների մասին կարելի է դատել՝ հետևելով տարածաշրջանային հիմնախնդիրներում առաջիկայում տեղի ունենալիք զարգացումներին

Էրդողան-Պուտին հանդիպման արդյունքների մասին կարելի է  դատել՝ հետևելով տարածաշրջանային հիմնախնդիրներում առաջիկայում տեղի ունենալիք զարգացումներին
Քաղաքականություն
17:09, 30 сентябрь 2021
Սոչիում կայացած Էրդողան-Պուտին հանդիպումը բավական բարդ էր։ Շուրջ երեք ժամ տևած բանակցությունների վերաբերյալ աղքատիկ տեղեկատվությունն առավել առարկայական կանխատեսումների հնարավորություն չի տալիս։ Հետևաբար այդ հանդիպման բուն արդյունքների մասին կարելի է  դատել ինչպես երկու երկրների տնտեսական հարաբերություններում, այնպես էլ տարածաշրջանային հիմնախնդիրներում առաջիկայում տեղի ունենալիք զարգացումներին հետևելով։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  Սոչիում հանդիպեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Բանակցությունները տևել էին շուրջ երեք ժամ, որից հետո Վլադիմիր Պուտինը թուրք գործընկերոջ հետ բանակցությունները բովանդակալից էր անվանել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր Սիրիայում ռուս-թուրքական գործողություններին: Էրդողանը նշել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ քայլերը Սիրիայում մեծ կարևորություն ունեն, և որ այս տարածաշրջանում խաղաղությունը կախված է երկու երկրների հարաբերություններից: «Սիրիայի խնդրի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ քայլերը մեծ նշանակություն ունեն»,- ասել էր Էրդողանը:

Անդրադարձ էր կատարվել նաև ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին։

Ի դեպ, զրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը,  խոսելով ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի մասին, օգտագործել էր  ոչ թե արցախյան հակամարտության գոտի, այլ Հայաստան-Ադրբեջան սահման ձևակերպումը, ինչից տպավորություն է ստեղծվում, որ ՌԴ նախագահը նույնացնում է Արցախի ու Ադրբեջանի սահմանը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի հետ։

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ դժվար է ասել, թե ինչ նպատակով է նման շեշտադրում արվել։ Հնարավոր է, որ դա արվել է հստակ, նպատակային շեշտադրումով, գուցե պարզապես լեզվաոճական թերացում է եղել: «Տեքստերի բավականաչափ մակերեսային բնույթը թույլ չի տալիս ավելի խորքային վերլուծություն իրականացնել»,- ասաց Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է Էրդողանի հայտարարությանը, թե տարածաշրջանում խաղաղությունը կախված է երկու երկրների հարաբերություններից, փորձագետը  նշեց, որ Էրդողանի այս հայտարարությունը պայմանավորված է  սիրիական հակամարտության շրջանակներում առկա իրողություններով։ Մասնավորապես այն  հանգամանքով, որ հանգուցային խնդիրների, վիճահարույց շրջանների, որոնք շարունակում են պայթյունավտանգ մնալ սիրիական հակամարտության շրջանակներում, այդ հատվածում հիմնականում արտաքին դերակատարներից բախվում են Թուրքիայի և Ռուսաստանի շահերը։ «Այսինքն՝ երկրի ներսում սիրիական կառավարական ուժերի և թուրքամետ խմբավորումների միջև եղած հակամարտությունից, սիրիական կառավարական ուժերի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողություններից զատ, հատկապես Սիրիայի հյուսիսում և հյուսիսարևմուտքում, մասնավորապես Իդլիբի նահանգում ստեղծված իրավիճակի մասով հիմնականում բախվում են հենց Թուրքիայի և Ռուսաստանի շահերը։ Հենց այս հանգամանքով էր պայմանավորված Էրդողանի նման շեշտադրումը։ Սա հստակ ուղերձ էր, որ երկկողմ բանակցությունները, ձեռք բերվելիք պայմանավորվածությունները կարող են խաղաղություն ապահովել Սիրիայի նշված տարածաշրջանում»,- ընդգծեց Արմեն Պետրոսյանը։