Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահը դեռ չի դիմել ՍԴ

Նախագահը դեռ չի դիմել ՍԴ
Քաղաքականություն
12:50, 03 март 2021
Սահմանադրական դատարանը մինչ այժմ դիմում չի ստացել հանրապետության նախագահից։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ ՍԴ լրատվականից։ 

Երեկ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ չի ստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը և դիմել է ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։ 

Սա, սակայն, չի նշանակում, որ նախագահը վիճարկում է վարչապետի առաջարկը։ Մարտի 4-ին լրանում է Սահմանադրական դատարան դիմելու 3-օրյա ժամկետը։ Այդ օրը ուժի մեջ կմտնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին։ Եթե, իհարկե, այսօր Արմեն Սարգսյանը որևէ կերպ չփոխի որոշումը։

 Այս պահին նախագահ Արմեն Սարգսյանի տուն են այցելել Հայրենիքի փրկության շարժման անդամները՝ թերևս փորձելու համոզել, որ նախագահը ՍԴ ուղարկի հենց Փաշինյանի առաջարկը՝ վիճարկելու դրա սահմանադրականությունը։   

 16-ի ներքո հավաքված նախկին իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ իրենց բողոքն են արտահայտել նախագահի որոշման մեջ՝ մեղադրանքներ հնչեցնելով նրա հասցեին։