Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կան դեպքեր, երբ թեկնածուներն ընդհանրապես տեղյակ չեն եղել, որ թեկնածու են, և պատահաբար են իմացել այդ մասին». Վարդինե Գրիգորյան

«Կան դեպքեր, երբ թեկնածուներն ընդհանրապես տեղյակ չեն եղել, որ թեկնածու են, և պատահաբար են իմացել այդ մասին». Վարդինե Գրիգորյան
Քաղաքականություն
17:36, 01 октябрь 2021
Հայաստանում հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, որոնք փաստացի ընթանալու են համայնքների խոշորացման գործընթացին գրեթե զուգահեռ: Ընդդիմությունն այս գործընթացն անվանում է քաղաքական:

Միանգամից մի քանի խոշոր քաղաքներում և տասնյակ մեծ ու փոքր համայնքներում տեղի ունենալիք ընտրություններին լարված պայքար է սպասվում կառավարող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ընդդիմության ներկայացուցիչների, ինչպես նաև մարզային «նշանակության» քաղաքական ուժերի միջև:

Հայաստանում սպասվող ՏԻՄ ընտրություններին, դրանց նշանակությանն ու զուգահեռ ընթացող համայնքների խոշորացման գործընթացին այսօր անդրադարձել են «Հոդված 3» ակումբում  տեսակապի միջոցով կազմակերպված՝ «ՏԻՄ ընտրություններ. համայնքային ընտրությունների քաղաքական նշանակությունը» թեմայով քննարկման ժամանակ: 

Քննարկման բանախոսներն են Աշոտ Գիլոյանը՝ ՀՀ ՏԿԵ նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ, Վարդինե Գրիգորյանը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող, Վահագն Հովակիմյանը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր:

Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով համայնքների խոշորացմանն ուղղված մեղադրանքներին և քննադատություններին, նշեց, որ համայնքների խոշորացումն անխուսափելի է, քանի որ փորձը ցույց է տալիս, որ այսպես համայնքները սուբվենցիոն և բազմաթիվ այլ ծրագրերով ավելի արդյունավետ են զարգանում: 

«Հեռավոր գյուղերում, որոնք խոշորացվող համայնքների կազմում են, ավելի շատ ծրագրեր են իրականացվում, քան փոքր առանձին համայնքներում: Խնդիրն այն է, որ այդ առանձին համայնքներն այն ռեսուրսները չեն ունեցել, ինչ խոշորացված համայնքները, որոնց միջոցով հնարավոր է այդ գյուղերը զարգացնել»,- նշեց նա:

Պարոն Հովակիմյանը կոչ արեց բոլորին մասնակցել ՏԻՄ ընտրություններին՝ նշելով, որ մրցակցային քաղաքական ընտրությունները հաստատապես բերելու են ավելի լավ ՏԻՄ-երի կազմավորման:

Մեր կառավարությունը 2018 թվականին երբ եկել է իշխանության, հայտարարել է, որ չնայած իրավունք ուներ վաղաժամկետ դադարեցնել բոլոր համայնքների լիազորությունները համայնքների միավորման գործընթացի շրջանակներում, չի արել դա, քանի որ համայնքների տեղական իշխանությունները ընտրված էին 2016 թվականին, և իր խոստումը պահել է:  2021 թվականի աշնանն են հիմնական մեր համայնքների համայնքապետերի լիազորությունները լրանում: Այս մասին նշեց ՀՀ ՏԿԵ նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

«Ցավոք սրտի, մեր երկիրը բազում դժվարությունների միջով անցավ՝ պանդեմիա, պատերազմ, և բազմաթիվ արգելքներ եղան պրոցեսը շարունակելու համար, սակայն բոլոր դեպքերում այն սկսվել է»,- նշեց նա:

Հարցին, թե ինչպիսի ընտրություններ կարելի է սպասել, Վահագն Հովակիմյանը նշեց, որ մրցակցային ընտրություններ են լինելու, և Ընտրական օրենսգրքի փոփոխություններով՝ համամասնական ընտրակարգի ներդրմամբ պայմանավորված նորամուծություններ կան:

 «Այս ընթացքում ես՝ որպես պատգամավոր, փորձում եմ խնդիրները վեր հանել, պրակտիկ կիրառման ընթացքում հնարավոր խնդիրները տեսնել:  Օրենքը ընդունել ենք, և առաջին անգամ են այս ծավալի ՏԻՄ համամասնական ընտրություններ տեղի ունենում: Իսկ նորամուծությունները պրակտիկայում կարող են խնդիրներ առաջացնել: Սակայն այն հարցում, որ մրցակցային լավ ընտրություններ են լինելու, ես չեմ կասկածում»,- ասաց նա:

Պարոն Գիլոյանն էլ նշեց, որ արդեն իսկ համամասնական ընտրակարգը գործել է Երևանում, Վանաձորում և Գյումրիում, և կարծում է, որ մյուս միավորված համայնքներում նույնպես շատ մրցակցային ընտրություններ են լինելու:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանն էլ նշեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները դեռ երկար պետք է մարսվեն տարբեր համայնքներում. «Արդեն իսկ տեսնում ենք, որ մարդիկ բավականին անտեղյակ են. կան դեպքեր, երբ թեկնածուներն ընդհանրապես տեղյակ չեն եղել, որ թեկնածու են, և պատահաբար են իմացել այդ մասին: Կամ անկազմակերպ, անհասկանալի և խառը իրավիճակներով քարոզարշավներ են իրականացվում, ու դա՝ տարբեր ուժերի մոտ»: 
 
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ բոլորի համար այդ ամբողջ գործընթացը փորձարկում է, և նրանք դեռ չեն պատկերացնում՝ ի՞նչն է լավ, ի՞նչը վատ, և ինչո՞ւ է ստացվում ամեն ինչ այնպես, ինչպես ստացվում է:

«Ընտրակարգի հետ կապված ևս գիտենք, որ կան անհասկանալի հարցեր. հուսով եմ, որ տարածքային հանձնաժողովները դրանցով կզբաղվեն, և իրազեկումը որոշակիորեն լավ կլինի: Շատ կարևորում եմ, որ նախատեսվում է բանավեճի կազմակերպում Հանրային հեռուստատեսությամբ, օրինակ՝ Գյումրիի դեպքում, և մենք տեսնում ենք, որ ՏԻՄ ընտրությունները կարևորվում են ամբողջ հանրապետության համար, ոչ թե միայն առանձին համայնքների»,- նշեց տիկին Գրիգորյանը:

Ըստ նրա՝ հատկապես խոշորացվող համայնքների դեպքում ընտրությունները պետք է կարևոր նշանակություն ունենան և տեսանելի լինեն ընդհանուր համապետական մակարդակում: