Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է. Ղարիբաշվիլի

Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է. Ղարիբաշվիլի
Քաղաքականություն
20:47, 01 октябрь 2021
Վրաստանից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալված է Վրաստանի տարածքում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:

«Մեր իրավապահները ամենաբարձր մակարդակով իրականացրել են հետախուզվող Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալելու գործողությունը: Իրավապահ մարմինները նախնական տեղեկություններ ունեին Ուկրաինայից Վրաստան նրա տեղաշարժի մասին, և այս գործընթացը լիովին վերահսկվում էր»,- ասել է Ղարիբաշվիլին:

Ավելի վաղ EADaily-ն հայտնել էր, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը զրահապատ մեքենաներ և ոստիկանական հատուկ նշանակության ջոկատներ է տեղափոխել Բաթում Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի՝ հայրենիք վերադարձի մասին հայտարարությունից հետո:

Սաակաշվիլին տեսանյութ էր տեղադրել հոկտեմբերի 1-ի առավոտյան՝ ենթադրաբար գիշերային Բաթումի ֆոնին, որում նա Վրաստանի բնակիչներին կոչ է անում հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ընտրություններում քվեարկել իր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության օգտին: Բացի դրանից՝ նա հայտարարել է, որ հոկտեմբերի 3-ին պատրաստվում է մասնակցել Թբիլիսիի քաղաքային ընտրություններից հետո նախատեսված բողոքի ակցիային:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հերքում էր Վրաստան Սաակաշվիլիի ժամանման լուրը, իսկ տեսանյութը կոչում «պարզապես կեղծիք»: Վրաստանի ՆԳՆ-ն էլ հաստատում էր՝ երկրի նախկին նախագահը չի հատել Ուկրաինայի սահմանը և գտնվում է Ուկրաինայի Տրուսկավեց քաղաքում: