Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված․ դատախազություն

Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված․ դատախազություն
Քաղաքականություն
14:43, 03 март 2021
ArmLur.am լրատվական կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե «արդեն քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի դեռևս գործող պետ Օնիկ Գասպարյանի դեմ և իշխանության ներկայացուցիչները նպատակ ունեն ձերբակալել նրան»։  
 
Civic.am-ն այս տեղեկատվության հավաստիությունը ստուգելու նպատակով կապ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հետ։ Դատախազի խորհրդականը նախ մատնանշեց, որ քրեական գործը ինչ-որ մեկի դեմ չի հարուցվում, այլ ինչ-որ փաստի կամ դեպքի առթիվ, այնուհետև հավելեց, որ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված։ «Քրեական վարույթները ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց կողմից հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Իսկ նշված առնչությամբ ընդամենը կարող եմ ասել, որ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,-ասաց նա:
 
Հիշեցնենք, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն օրեր առաջ շտաբի մի քանի անդամների հետ համատեղ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։  ՀՀ վարչապետն էլ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ ընդգծեց, որ Օնիկ Գասպարյանը ՀՀ երրորդ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգներն է կատարում։ Իսկ արդեն երեկվանից մամուլում շրջանառվեց տեղեկատվություն, որ ԱԱԾ-ն ձայնագրել է Սերժ Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի խոսակցությունը։