Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն անդրադարձել են Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակի և ռազմագերիների վերադարձի խնդիրներին

Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն անդրադարձել են Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակի և ռազմագերիների վերադարձի խնդիրներին
Քաղաքականություն
20:49, 04 октябрь 2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահը բարձր է գնահատել հայ-ռուսական բազմաբևեռ, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցությունը:

ՀՀ օրենսդիր մարմնի նախագահը շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին ԴԽ Պետական դումայի ընտրությունների հաջող անցկացման և արդյունքների կապակցությամբ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային միջխորհրդարանական կազմակերպություններում, այդ թվում՝ ԱՊՀ միջխորհրդարանական և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության կարևորությունը:

Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգային խնդիրների կարգավորմանն ու տևական խաղաղության հաստատմանը՝ կողմերի միջև զրույց է ընթացել տարածաշրջանում և Հայաստանի սահմանների շուրջ տիրող իրավիճակի, ռազմագերիների անհապաղ վերադարձի և այլ չլուծված մարդասիրական խնդիրների մասին: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը և անձնապես Վալենտինա Մատվիենկոյին նշված խնդիրների լուծման հարցում կանոնավոր աջակցության համար:

Երկուստեք արձանագրվել է, որ կուտակված է լուրջ ներուժ երկու երկրների միջև համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար: Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, որը կնշվի 2022 թվականին, ինչպես նաև՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ միջխորհրդարանական ծրագրերի մշակման անհրաժեշտությանը:

Խորհրդարանական ձևաչափում կարևորվել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովների դերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ոլորտային հանձնաժողովների փոխգործակցությունը: Հանդիպման ավարտին անդրադառնալով 2020 թվականին Covid 19-ի պատճառով Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան կատարելիք այցի հետաձգմանը՝ Ալեն Սիմոնյանը վերահաստատել է հրավերը՝ նշելով, որ սպասում է գործընկերոջը Հայաստանում` նրան հարմար ժամանակահատվածում: