Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ առանց 250 հազար դրամ «գրպանի գումարից» հրաժարվելու

«Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ առանց 250 հազար դրամ «գրպանի գումարից» հրաժարվելու
Քաղաքականություն
17:14, 05 октябрь 2021
 
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը այսօր լրագրողներին հայտարարեց, թե ՍԴ մուտքագրվել է դիմում, որը վերաբերում է պատգամավորներին 250 հազար դրամ տրամադրելուն՝ նշելով, որ դրա նպատակը սոցիալ-տնտեսական այս բարդ պայմաններում հասկանալի և ընդունելի չէ։
 
Վերջինս նշեց, որ ՍԴ-ին միջնորդել են` կասեցնել 250 հազար դրամների մասով գործողությունը։ Պատգամավորի խոսքով՝ առաջիկայում հանդես կգան օրենսդրական նախաձեռնությամբ և կփորձեն այդ հարցին լուծում տալ։
 
Ինչպես հայտնի է՝ ԱԺ պատգամավորի 250 հազար դրամ «գրպանի գումարի» մասին փոփոխությունը հոկտեմբերից արդեն արդեն գործում է։ Այսինքն՝ այս ամիս պատգամավորները արդեն այդքան են ստանալու «գրպանի գումարը»։ ՍԴ-ին կասեցման համար դիմելու փոխարեն վերջիններս կարող էին ԱԺ աշխատակազմին դիմելով հրաժարվել այդ գումարից։ Իսկ ՍԴ դիմումը դեռ չի նշանակում, որ դա ՍԴ-ն կասեցնելու է։ 
 
Civic.am-ը Ազգային ժողովից հետաքրքրվեց, թե արդյոք «Հայաստան» խմբակցության որևէ պատգամավոր դիմում ներկայացրե՞լ է այդ գումարից հրաժարվելու համար։ Պարզվեց, որևէ պատգամավոր չի հրաժարվել այդ գումարից։ 
 
Ասել է թե՝ ՍԴ-ում ողջ քննության ընթացքում, իսկ դա կարող է ամիսներ տևել, ինչպես նաև դրանից հետո, եթե դիմումը մերժվի, «Հայաստանի» պատգամավորները ստանալու են 250 հազար «գրպանի գումարը»` մյուս կողմից ներկայանալով իբրև սոցիալական հավասարության պայքարի առաջամարտիկներ։