Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցի պատգամավորը կոչ է անում Իրանին չօգնել Հայաստանին և բարեկամական հարաբերություններ զարգացնել Ադրբեջանի հետ

Ադրբեջանցի պատգամավորը կոչ է անում Իրանին չօգնել Հայաստանին և բարեկամական հարաբերություններ զարգացնել Ադրբեջանի հետ
Քաղաքականություն / Տարածաշրջան
20:02, 05 октябрь 2021
«Գրեթե 30 տարի ադրբեջանական հողերը օկուպացված էին Հայաստանի կողմից, և այս ընթացքում նա դժվարություններ ունեցավ այլ պետությունների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում»,- հայտնել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Նագիֆ Համզաևը:

 Նրա խոսքով՝ օկուպացիայի շրջանում այնպիսի պետություններ, ինչպիսիք են Թուրքիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Ջիբութին խուսափում էին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններից: Իսկ ահա Իրանը, դիվանագիտական հարաբերություններ ունենալով հանդերձ, մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին, գրում է ադրբեջանական Report.az լրատվականը:

 Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ Ադրբեջանը սպասում էր, որ Իրանը հավատարիմ կմնա անկեղծ դիրքորոշմանը՝ հավատակից եղբայրների (ադրբեջանցիների՝- խմբ.) նկատմամբ, ինչը տեղի չի ունեցել: 

 «Այժմ Ադրբեջանի հետ սահմանին Իրանի կողմից իրականացվող զորավարժությունները որոշակի հարցեր են առաջացնում, քանի որ 30 տարի մենք այդ սահմանին ոչ մի զորավարժություն չենք տեսել», -նշել է նա, հավելելով, որ փորձագետներն ուսումնասիրում են այս զորավարժությունների նպատակը:

 Համզաևը հավելել է, որ տարածաշրջանում իրականության փոփոխությունը, որը տեղի կունենա Իլհամ Ալիևի գլխավորությամբ, կհանգեցնի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը:

 «Նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ -ը և արևմտյան այլ երկրներ ճնշում գործադրեցին Իրանի վրա, Բաքուն երես չթեքեց Իրանից: Այսօր մենք շարունակում ենք նույն վերաբերմունքն արտահայտել Իրանի նկատմամբ: Այս տեսանկյունից ավելի լավ կլինի, որ Իրանը բարեկամական հարաբերություններ զարգացնի Ադրբեջանի հետ,   Հայաստանին օգնելու փոխարեն», - ասել է ադրբեջանցի պատգամավորը:
 
Սյուզի Սիրականյան