Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի ու Ադրբեջանի միջև բախումները բացառվում են՝ դա ո՛չ Թուրքիային է ձեռնտու, ո՛չ Իրանին․ իրանագետ

Իրանի ու Ադրբեջանի միջև բախումները բացառվում են՝ դա ո՛չ Թուրքիային է ձեռնտու, ո՛չ Իրանին․ իրանագետ
Քաղաքականություն
20:40, 05 октябрь 2021
Իրանցի 2 վարորդներին ձերբակալելուց հետո Իրան-Ադրբեջան հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Իրան-Ադրբեջան սահմանին օրերս մեկնարկած Իրանի լայնածավալ զորավարժություններին զուգահեռ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Նախիջևանում սկսվեց թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Նշենք, որ նախորդ ամիս էլ Բաքվում տեղի ունեցան Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի հատուկ ուժերի զորավարժությունները։  
 
 Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Իրանն ու Ադրբեջանը, կարծես, սահմանային անհանդուրժողականության առաջ են կանգնած։ Օրերս, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը անդրադարձավ Իրան-Ադրբեջան հարաբերություններին՝ պնդելով, որ պատերազմից հետո Իսրայելը ներկա է Իրան-Ադրբեջան սահմանին, մինչդեռ Իրանը չի հանդուրժի իսրայելցիների ներկայությունն իր անմիջական հարևանությամբ։ Ի պատասխան սրա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքեց, թե իսրայելցիներ կան Ղարաբաղի գրավված տարածքներում՝ պահանջելով ցույց տալ որևէ իսրայելցի և նշելով, որ Իրանի անհիմն մեղադրանքներն ուղղված իրեն անպատասխան չեն մնա։
 
 Իրանագետ Էմմա Բեգիջանյանը Civic.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ստեղծված իրավիճակը նշեց, որ Ադրբեջանը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թեև ամբողջությամբ ենթարկվում է Թուրքիային և այլևս անկախ երկիր չէ, սակայն այդ հաղթանակը առիթ է տվել Ալիևին, որ Իրանի հասցեին ինչպես ուզենա հոխորտա․ 

 «Իրանցի վարորդների ձերբակալումը, իհարկե, Իրանի արժանապատվությանը հարվածեց, բայց մյուս կողմից Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան երկու զորավարժությունները Ադրբեջանում՝ նշանակում է տարածաշրջանի կարևորագույն խաղացողներից Իրանին դուրս թողնել զարգացումներից։ Թեև որոշ իրանցի վերլուծաբաններ նշում են, որ եթե նույնիսկ Իրանին հրավիրեին մասնակցել այդ զորավարժություններին՝ Իրանը չէր մասնակցի, որովհետև դա ուղղված էր Հայաստանի դեմ, իսկ Իրանը Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունի»։
 
 Իրանագետի խոսքով՝ երեք երկրների զորավարժություններով Իրանն անտեսվեց, իսկ Պակիստանը ներթափանցեց Հարավային Կովկաս, մինչդեռ նախկինում Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան էին տարածաշրջանում իրենց ազդեցությունը տարածում․ «Մյուս կողմից Իսրայելի ներթափանցումն Ադրբեջան դա ամենաակնառու փաստն է. Իսրայելի հաջողության առյուծի բաժինը զինտեխնիկան է։ Եվ երբ խոսք գնաց, որ պետք է վերակառուցեն Ղարաբաղի գրավված տարածքները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակ և ոչ մեկ անգամ հայտարարեց, որ վերակառուցման՝ ներդրումների հարցում առաջնությունը տրվելու է Իսրայելին։ Այսինքն՝ Ղարաբաղի այն գրավված տարածքները, որոնք Իսրայելը կցանկանա՝ դրանք կտրամադրվեն»։
 
 Էմմա Բեգիջանյանը հիշատակեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Իրան-Ադրբեջան սահմանը երկարել է 130 կմ-ով․ «Եվ երբ Ալիևն ասում է, թե ցույց տվեք, որ այստեղ իսրայելցի կա, դա ցույց տալու բան չէ, իսրայելական ընկերություններն այդ տարածքներում գործ են անում։ Սակայն սա կոնտեքստի մի մասն է, Իրանի համար առավել կարևոր է միջանցքի հարցը։ Իրանի զորավարժությունը միտված է դրան, որ Հայաստան-Իրան սահմանը չվերանա»։
 
 Իրան-Ադրբեջան լարված հարաբերություններում, իրանագետի համոզմամբ, վերջին խոսքը Թուրքիայինն է, իսկ Թուրքիան իր պանթյուրքիստական նկրտումների արգելքը վերացնելու համար ցանկանում է միջանցքի բացում, որը Իրանի աշխարհաքաղաքական դիրքը հարվածի տակ է դնելու․ «Մինչդեռ Հայաստանը Իրանի համար այլընտրանքային ճանապարհ էր դեպի Արևելյան Եվրոպա։ Ալիևը հայտարարում էր, թե ինչու մինչ այս Իրանն այդ տարածքներում զորավարժություններ չի արել։ Այդ ժամանակ երբ հայերն էին վերահսկում այդ սահամանգիծը Իրանը մտահոգություն չուներ և վստահում էր Հայաստանին»։
 

 Չնայած այս ամենին՝ իրանագետը բացառում է Իրանի ու Ադրբեջանի միջև բախումները՝ ընդգծելով, որ դա ոչ Թուրքիային է ձեռնտու, ոչ էլ Իրանին, բայց լարվածությունը կշարունակվի։ 
 
Նարա Մարտիրոսյան