Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր դավաճան ու կապիտուլյանտ լինելու մասին առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանին

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում  ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցի, որն ուղղված էր 44-օրյա պատերազմի գերագույն գլխավոր հրամանատարին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես այս ամբիոնից, նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ, հարյուր անգամ ասել եմ, որ մեղավորն էլ, պատասխանատուն էլ ես եմ: Չգիտեմ՝ էլ քանի՞ անգամ պետք է ասեմ»:

Վարչապետը հստակեցրեց, որ Լելե Թեփե անունը ինքը երբևէ չի տվել. «Դա հետո է մտել պրոպագանդիստական նկատառումով, թե իբր ես ասել եմ՝ այ, Սերժ Սարգսյանը 2016-ին Լելե Թեփեն կորցրել է, ինձ համար դա ունի քաղաքական նշանակություն, գնացեք Լելե Թեփեն վերցրեք, որ դիվիդենդ առաջանա. դա կատարյալ անհեթեթություն է»:

Արձագանքելով Արմենուհի Կյուրեղյանի դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Ձեզ ավելի մեծ դավաճան ու կապիտուլյանտ են համարում, եթե դուք տեղյակ չեք, և ընտրությունների արդյունքները դրա մասին են վկայում: Ձեր դավաճան ու կապիտուլյանտ լինելու մասին առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք: Այո, ես ինձ մեղավոր եմ ճանաչում բանակը կոռումպացված տարրից չազատելու համար 2018 թվականից հետո»:

Խոսելով հոկտեմբերի 7-ին պատերազմը կանգնեցնելու մասին՝ վարչապետը նշեց, որ ՀՀ ԱԳ, Ադրբեջանի ԱԳ և ՌԴ ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել, բայց Ադրբեջանը չի կատարել դա. «Այս ամենը դուք իսկապե՞ս չգիտեք»: