Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևի իր փայն են պետականացրել, որ աղմուկ է բարձրացնում․ Քոչարյանը լավ կանի բացատրի, թե ինչպես են իր որդիները միլիարդատեր դարձել

Երևի իր փայն են պետականացրել, որ աղմուկ է բարձրացնում․ Քոչարյանը լավ կանի բացատրի, թե ինչպես են իր որդիները միլիարդատեր դարձել
Քաղաքականություն
22:01, 06 октябрь 2021
«Այդ գործարքում ոչ մի մութ բան չկա։ Դա լավագույն բանն էր, որ կարող էր տեղի ունենալ։ Այդ իրենք էին տարիներ շարունակ մութ գործարքների մեջ ։ Մի քանիսն էլ առ այսօր օֆշորային սկանդալների մեջ են։ Երևի իրենց բաժնեմասից զրկվել են, դրա համար են աղմուկ բարձրացրել»,-civic.am-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը՝ անդրադառնալով ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի վերջին գործարքի վերաբերյալ Քոչարյանի  գնահատականներին։  

Հիշեցնենք՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15  տոկոսը կառավարությանն անցնելու գործարքը նախօրեին համարեց «կոռուպցիայի դրսևորումներով բարձրագույն պիլոտաժ։ Հայաստանի պատմության ամենամութ գործարք»։  

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ դարձավ, որ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 60 տոկոսն անցել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությանը։ Ձեռք բերելով կոմբինատի բաժնետոմսերի առյուծի բաժինը՝ «Արդյունաբերական ընկերություն»-ը որոշել է դրա մի մասը՝ կոմբինատի ընդհանուր բաժնետիրական կապիտալի 15 տոկոսի չափով  նվիրել կառավարությանը և մասնավորապես վարչապետի աշխատակազմին։

«Զանգեզուրի կոմբինատի հետ կապված պատմությունը կոռուպցիոն գործարքի բարձրագույն պիլոտաժ է։ Դուք հիշում եք, այն միշտ ինձ հետ էին կապում։ Բայց ես ոչ մի կապ չունեի այդ կոմբինատի հետ։ Եվ ո՞վ էր անում։ «Հայկական ժամանակը»։ Հիմա ո՞վ է փայ մտել։ Հավանաբար, Հայաստանի պատմության մեջ սա ամենամութ գործարքն է։ Անհասկանալի է, թե ինչու է այսպիսի կարգ, և բաժնեմասի կառավարումն էլ փոխանցվում է վարչապետի ապարատին։ Սա աբսուրդ է։ Պետական բաժնեմասերը պետք է կառավարվեն ֆիննախի կամ էկոնոմիկայի նախարարության կողմից։ Ի՞նչ պրոֆեսիոնալ տվյալներ ունի վարչապետի ապարատը նման կառավարման համար։ Սա ուղղակի մասնակցություն է ամենախոշոր կոմբինատում և ֆինանսական հոսքերին հետևելուն։ Սա կոռուպցիայի բարձրագույն պիլոտաժ է, լկտիության աստիճանի»,- հայտարարել էր Քոչարյանը։  

Նկատենք, որ թեև Ռոբերտ Քոչարյանը հերքում է ԶՊՄԿ-ի հետ իր առնչությունը, սակայն մամուլի բազմաթիվ հրապարակումներ կան կոմբինատի հետ նրա առնչությունը հիմնավորող՝ սկսած 2004 թվականին կառավարության որոշմամբ կոմբինատը ընդամենը 132 մլն դոլարով վաճառելու գործարքից։  Գրիգոր Հարությունյանի խոսքով՝ այո, մութ բաներ եղել են Զանգեզուրի կառավարման հարցերում և հիմա պետք է ամեն ինչ պարզեցնել։

Այդ կոնտեքստում ողջունելի է կառավարության մասնակցույթունը կոմբինատի կառավարմանը, որը լույս կսփռի մանցած հարցերի վրա․«Բա էլ ո՞վ պետք է մասնակցի կոմբինատի կառավարմանը։ Քոչարյան Ռոբե՞րտը։ 20 տարի է ինչքան մասնակցել են հերիք է։ Երկրի հերն անիծել են, բայց հիմա շատ լավ է, որ կառավարությունը մտնում է այդ դաշտ ու կկարողանա հսկել իրավիճակը։ Քոչարյանն էլ ազգային ժողովում խմբակցություն ունի, թող հարցեն այդ մակարդակում  բարձրացնեն, իրենց վերահսկողական գործառույթներից օգտվեն, որ էլ մութ բաներ չլինեն։ Թող իրենց բուն գործով զբաղվեն»,- ասաց Հարությունյանը։

Անդրադառնալով Քոչարյանի դիտարկմանը, թե, իբրև, կառավարությունն այս գործարքով  «փայ է մտնում» կոմբինատում, նկատեց․«Երևի իր փայն են վերցրել, դրա համար էլ այդպես ասում․․․օֆշորային գործով շուտով պարզ կլինի, թե ով ինչ է արել, որտեղ է փայ մտել։ Բայց որքանով էլ ինքը հերքի  իր առնչությունը կոմբինատին, մեկ է ոչ մեկին չի համոզի։ Մի պարզ բան՝ թող բացատրի, թե իր երեխաները ինչպե՞ս են միլիարդատեր դարձել, ի՞նչ փողերով էր Աֆրիկայում առյուծներ որսում։ Թող բացատրի ու տեսնենք, թե ինչքանով են իր պարզաբանումները համոզիչ։ Ամոթ է։ Թող այդ հարցերի պատասխանը տա, հետո վեր կենա և ուրիշ թեմաներից խոսի»,- եզրափակեց Հարությունյանը։