Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես չեմ ուզում որևէ բողոք լսել. Պետական կառավարման համակարգում չպիտի լինի մարդ, որ պատվաստված չլինի. Վարչապետը՝ առողջապահության նախարարին

«Եվրոպական շատ երկրներ, Ասիայի երկրներ պատվաստումներն արդեն հասցրել են 90 տոկոսի»,- այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կառավարության հերթական նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և հավելեց. «Ուրեմն ինչի՞ դեմ են պայքարում այն անձինք, որոնք ցանկանում են, որ Հայաստանում պատվաստումների գործընթացը դանդաղի, ի՞նչ շահեր ունեն այդ մարդիկ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այդ մարդիկ քաղաքական շահեր են հետապնդում. «Նրանց պետք է, որ Հայաստանում հնարավորինս շատ մարդ մահանա, որպեսզի ասեն, որ կառավարությունը չի կարողանում կորոնավիրուսի դեմ պայքարել: Սա է նրա ուզածը»:

Վարչապետը նշեց, որ պետությունը ունի իր բոլոր լծակները, որպեսզի պատվաստման գործընթացը առաջ գնա. «Ես չեմ ուզում որևէ բողոք լսել, թե այդ գործընթացին խանգարում են: Եթե անհրաժեշտ է, պետք է օրենքներ ընդունել»:

Վարչապետը նկատեց, որ մարդիկ կան, ովքեր ուզում են, որ կորոնավիրուսի դեմ բուժումը վճարովի դառնա. «Ինչի պետք է մենք վճարենք հարկեր, և մարդիկ չգնան պատվաստվեն: Այդ գումարը կարող էր օգտագործվել դպրոցների վրա և հազարումի ծախսերի վրա: Նաև այսպիսի շարժում է սկսվում: Պատվաստման թվերը շատ վատ է, խնդիր ենք դրել՝ գնացեք լուծեք, և որևէ մեկից չբողոքեք: Դա վերաբերում է դահլիճում նստած բոլոր մարդկանց: Պետական կառավարման համակարգում չպիտի լինի մարդ, որ պատվաստված չլինի»: