Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձերբակալեք, կալանավորեք. Կեղծ պատվաստումների մասին այլևս ահազանգ չլսեմ. Վարչապետ

«Իմ ընտանիքի բոլոր երեխաները, բացի մանկահասակ երեխաներից, բոլորը պատվաստված են, ընդ որում՝ պատվաստվել ենք տարբեր պատվաստանյութերով, այսինքն՝ չկա էլիտար պատվաստանյութ, որով պատվաստվում ենք՝ ժողովրդին թողնելով անորակը»,- այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ Հայաստանում պատվաստումների թվերի շատ վատ են:

Վարչապետը հավելեց, որ այլևս որևէ արդարացումներ չի ուզում լսել, թե ինչ-որ մարդիկ խանգարում են. «Ոչ ոք մեզ չի կարա խանգարի: Գնացեք և ձեր առաջ խնդիրները լուծեք»:

Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց և դիմեց դատախազությանն ու իրավապահ մարմիններին. «Կեղծ պատվաստումների մասին ես այլևս ահազանգ չլսեմ: Ձերբակալեք, կալանավորեք: Էն բժիշկները, ովքեր օգտվում են առիթից՝ չպատվաստաելու մարդկանց և պատվաստանյութը փչացնելու համար, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել»:

Հիշեցնենք, որ կառավարությունը կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար առողջապահության նախարարությանը տրամադրեց 2 մլրդ 435 մլն լրացուցիչ դրամ: