Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դա մասշտաբային հարց է, որի քննարկումները շշուկների մակարդակով չէ, որ պետք է տարածվեն. Ալեքսանյանը՝ Սյունիքում իրանական ռազմաբազայի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգանավորներն այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադարձան Իրաից Հայաստան ժամանած պատվիրակության վերաբերյալ լուրերին:

Պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ տեղեկություն չունի և հորդորեց այդ հարցն ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:
Հարցին՝ արդյոք ճի՞շտ են Սյունիքի տարածքում իրանական ռազմաբազա ստեղծելու մասին լուրերը, Վահագն Ալեքսանյանը նկատեց՝ դա այնպիսի մասշտաբային հարց է, որ նման քննարկումները շշուկների մակարդակով չէ, որ պետք է տարածվեն:

Անդրադառնալով գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի այն հայտարարությանը, որ պատերազմի օրերին ՀՀ վարչապետի այդ ժամանակվա խորհրդական Վաղարշակ Հարությունյանը նրան սխալ խորհուրդներ է տվել, Վահագն Ալեքսանյանն ասաց, որ պատերազմի մասին ամենատարբեր շահարկումներն ու կեղծ լուրերն են պարբերաբար տարածվում:

«Վերջերս «Հայաստան» դաշինքի կողմից օպերացիաներից մեկն անվանվեց Լելե Թեփեի օպերացիա ու պարբերաբար դա շրջանառվում է, ինչն իրականությանը չի համապատասխանում: Նման օպերացիա գոյություն չի ունեցել: Լելե Թեփեն այդ օպերացիայում որևէ դերակատարում չի ունեցել: Չգիտեմ նման շահարկումներն ինչ-որ մեկի բարդույթների արդյունք են, թե ոչ, բայց պարբերաբար կեղծ ինֆորմացիա է դաշտ նետվում»,-նշեց Վահագն Ալեքսանյանը: