Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽԽՎ զեկույցում ֆիքսվել է Թուրքիայի աջակցությամբ սիրիացի վարձկանների մասնակցությունը պատերազմին. Ռուբեն Ռուբինյան

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Ազգային ժողովում  հրավիրվել է մամուլի ասուլիս ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամների մասնակցությամբ, որը վերջերս է վերադարձել Ստրասբուրգից:

Ինչպես նշեց պատվիրակության ղեկավար՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում քննարկվել է Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող երկու զեկույց. «Առաջինը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցն էր, որով ՀՀ-ում անցկացված ընտրությունները գնահատվեցին մրցակցային և լավ կազմակերպված: Երկրորդը ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույցն էր, որում տեղ են գտել բոլոր այն մտահոգությունները, որ մենք ունենք: Զեկույցում ֆիքսվում է, որ պատերազմը հակամարտող կողմերի՝ ԵԽ անդամ լինելու ստանձնած պարտավորությունների խախտում է, և ԵԽԽՎ-ն պետք է ուսումնասիրի այդ հարցը»:

Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ զեկույցում ֆիքսվել է Թուրքիայի աջակցությամբ սիրիացի վարձկանների մասնակցությունը պատերազմին. «Ֆիքսվել և կոչ է արվել Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց: Խոսվել է նաև հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին, դատապարտվել է Ադրբեջանում ծավալվող կեղծ ալբանական թեզի գոյությունը և անդրադարձ է կատարվել Ադրբեջանում բարձր մակարդակով օգտագործվող ատելության խոսքին»: